17 ապրիլի 2009 - 19:41 AMT
Մեդվեդեւն ու Ալիեւը քննարկում են գազը, Ղարաբաղը եւ Կասպիան
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ քննարկել է ադրբեջանական գազի մատակարարումը Ռուսաստան, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ Կասպից ծովի կարգավիճակը: Փորձագետների տվյալների համաձայն, Մեդվեդեւը փորձելու է ստանալ Ալիեւի համաձայնությունը 2010թ. հունվարից սկսած Ադրբեջանում արտահանվող ողջ գազը, բացի երկրի ներսում սպառվող եւ երկկողմ համաձայնագրի շրջանակներում Վրաստանին մատակարարվողից, Ռուսաստանին վաճառելու համար: Էներգակիրների պահանջարկի նվազեցման պայմաններում Ադրբեջանին շահեկան է լավ գնով եւ արդեն գոյություն ունեցող գազատարով վաճառել իր գազը:

Ռուսաստանն իր կողմից չի թաքցնում կասպիական տարածաշրջանից եւ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա գազի փոխադրումը մենաշնորհելու իր ձգտումը եւ բացասական վերաբերմունքն այլընտրանքային գազատարների նախագծերի հանդեպ:

Բաքուն դեռեւս չի հրաժարվում, իսկ Մոսկվան նրանից չի պահանջում հրապարակավ հրաժարվել Nabucco նախագծին մասնակցելուց: Սակայն Ռուսաստանին գազի վաճառքի մասին երկարաժամկետ համաձայնագրի կնքումը հերթական հարվածը կլիներ նախագծի հանդեպ, որը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում առանց այդ էլ անորոշ կարգավիճակում է գտնվում:

Մոսկովյան փորձագետ Յուրի Բյալին «Առավոտը Բի-Բի-Սի-ում» ծրագրում նկատել է, որ ամեն դեպքում Nabucco-ի հագեցման համար ադրբեջանական գազը չէր բավականացնի, եւ գազատարն ի սկզբանե հաշվարկվում էր, նախ եւ առաջ, թուրքմենական եւ իրանական գազի համար:

Մի շարք դիտորդների կարծիքով, Թուրքիայի եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների սառեցման պայմաններում Թուրքիայի եւ Հայաստանի մտերմացման ենթատեքստում Բաքուն պայքարում է Մոսկվայի քաղաքական աջակցության համար: Չշոշափելով հենց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը` կարելի էր բարձրացնել այն տարածքների հետագա ճակատագրի հարցը, որտեղ նախքան հակամարտությունը գերակայում էր ադրբեջանական բնակչությունը: Փորձագետ Ալեքսեյ Վլասովի կարծիքով, գազի վերաբերյալ գործարքի փոխարեն Ադրբեջանը ենթադրում է Ռուսաստանի օգնությունը Կասպիայի կարգավիճակի որոշման եւ ածխաջրածիններով հարուստ նրա հանքերի սահմանազատման ժամանակ: Բացի այդ, Բաքուն կցանկանար Մոսկվայի աջակցությունը ստանալ Լեռնային Ղարաբաղից դուրս շրջանների վերադարձի հարցում, որոնք հսկվում են հայկական կողմից:

Յուրի Բյալին իր կողմից նման հաշվարկները երեւակայական է համարում: Նա գտնում է, որ Ռուսաստանը Հայաստանի եւ Ղարաբաղի վրա ազդելու բավականաչափ լծակներ չունի: Բացի դրանից, հարցական է մնում, թե որքանով է Մոսկվան շահագրգռված նման ճնշում գործադրելու եւ Երեւանի հետ հարաբերությունները փչացնելու հարցում: Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է տարածաշրջանում: Բոլոր հետխորհրդային պետություններից միայն Հայաստանը, Ղրղզստանն ու Թաջիկստանն են ողջունում ռուսական զորքերի ներկայությունը իրենց տարածքում, գրում է BBC ռուսական ծառայությունը: