10 դեկտեմբերի 2022 - 12:31 AMT
Ապարանի համայնքապետարանը քաղաքը չի զարդարի և տոնական տեսքի չի բերի

Ապարանը տոնական զարդարանք չի ունենա՝ համայնքապետարանը նպատակահարմար չի գտնում քաղաքը զարդարել և տոնական տեսքի բերել, քանի որ ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով կան զոհված և անհետ կորած զինվորականներ։ Այդ մասին ասվում է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։

«Ապարան համայնքի հարգելի բնակիչներ, ձեզ հայտնի է, որ Ապարան քաղաքը վերջին տարիներին իր տոնական զարդարանքով հաճելիորեն զարմացրել է թե՜ համայնքի բնակիչներին, թե՜ հյուրերին և այլ այցելուներին:

2022 թվականի սեպտեմբերին պատերազմի հետևանքով Ապարան համայնքում ունենք զոհված և անհետ կորած զինվորականներ: Այդ պատճառով համայնքապետարանը նպատակահարմար չի գտնում քաղաքը զարդարել և տոնական տեսքի բերել:

Այնուամենայնիվ, երեխաների տոնական տրամադրությունը չխաթարելու համար նախատեսվում են մանկական տոնական միջոցառումներ:

Հայցում ենք ձեր ներողամտությունը և հուսով ենք, որ ըմբռնումով կմոտենաք այս որոշմանը»,- ասվում է գրառման մեջ: