Ռուսական կողմի հետ ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Վերին Լարսի անցակետում ռենտգեն-զննություն իրականացնող սարքավորումների թիվը ևս մեկով ավելացնել, ինչն էականորեն կավելացնի անցակետի անցողունակությունը: Այդ մասին հայտնել են ՊԵԿ-ից, տեղեկացնում է Aysor.am-ը։
Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհին` Վերին Լարսում, հարյուրավոր բեռնատարներ են հերթերի մեջ մնացել։ Ամիսներ շարունակ Լարսում այս խնդիրը չի կարգավորվում, ինչի հետևանքով հայ արտահանողները մեծ վնասներ են կրել:
ՊԵԿ-ից հայտնել են, որ Վերին Լարսի անցակետում ներկայումս ստեղծված կուտակումերը և, հետևաբար, Վրաստանի տարածքում ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների երկարատև գտնվելը հիմնականում պայմանավորված են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կողմից իրականացվող անվտանգային միջոցառումներով:
«Այս առումով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ունի սահմանափակ գործիքակազմ՝ անվտանգային միջոցառումների վրա ազդեցություն ունենալու համար: Ստեղծված իրավիճակի արագ կարգավորման նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար քննարկումներ է ունենում ՌԴ և Վրաստանի մաքսային ծառայությունների հետ», - նշել են ՊԵԿ-ից: