Ցուցարարները 2 նամակ են հանձնել ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակ

Ցուցարարները 2 նամակ են հանձնել ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակ

PanARMENIAN.Net - Լաչինի միջանցքը բացելու պահանջով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ակցիայի մասնակիցները 2 նամակ են հանձնել կազմակերպության ներկայացուցչին։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Բողոքի ակցիային մասնակցում են ինչպես ՀՀ բնակիչները, այնպես էլ Արցախից տեղահանվածները։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները նույնպես ՄԱԿ-ի գրասենյակի առջև են։ Քանի որ երկու խումբ էր ակցիա իրականացնում, երկու նամակ են փոխանցել ՄԱԿ–ի գրասենյակ, գրում է Sputnik Արմենիան։

Նրանք իրենց նամակներում դիմում են միջազգային հանրությանը` կոչ անելով զերծ մնալ երկակի ստանդարտներից, դատապարտել Ադրբեջանի հակամարդկային վարքագիծն ու գործիքակազմ կիրառել` կանխելու Արցախում Ադրբեջանի կողմի էթնիկ զտման փորձերը։

Ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում, նշելով, որ արդեն 24 ժամից ավելի է, ինչ Արցախի 120,000 մեր հայրենակիցները շրջափակման մեջ են, կոչ էր արել 16։00-ին հավաքվել ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց։

Ցուցարարների մեկ այլ խումբ հավաքվել էր Ազատության հրապարակում՝ պահանջելով կանգնեցնել ցեղասպանությունն Արցախում։ Կարճ ելույթներից հետո նրանք ևս շարժվել էին շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---