Գալստյան. ԿԲ-ն դեկտեմբերին գնաճի որոշակի արագացում է կանխատեսում

Գալստյան. ԿԲ-ն դեկտեմբերին գնաճի որոշակի արագացում է կանխատեսում

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ ԿԲ-ն 2022-ի համար 12.9% տնտեսական աճ է կանխատեսում։ Նրա խոսքով՝ ծառայությունների ոլորտում ակնկալվում է 18.8%-ի աճ՝ նախկին 19.4%-ի փոխարեն, իսկ շինարարության ոլորտի աճը 14.1% -ից բարձրացվել է 20.1%-ի:

Ինչ վերաբերում է գնաճին, ապա, ըստ ԿԲ նախագահի, որոշակի արագացում կլինի դեկտեմբեր ամսին, սակայն մի փոքր ավելի ցածր, քան նախկինում ակնկալվում էր, գրում է Panorama.am-ը։

«Այս պահի դրությամբ՝ մեր կանխատեսումը տարվա համար 9-9․5%-ի միջակայքում է», - հավելել է Մարտին Գալստյանը։

Ըստ նրա՝ համաշխարհային տնտեսությունում տնտեսական ակտիվության դանդաղման միտումները շարունակվում են: Այնուամենայնիվ, ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ընդլայնված պահանջարկից և բարձր գնաճային սպասումներից ածանցվող գնաճային միջավայրը դեռևս պահպանվում է:

«Ուստի, զարգացած երկրների կենտրոնական բանկերը առաջիկայում ևս կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները: Գործընկեր երկրներում դրամավարկային պայմանների հետևողական խստացումը կնպաստի համաշխարհային պահանջարկի թուլացմանը և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի ճշգրտմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցությունների թուլացում»,- ասել է Գալստյանը։

Նա նաև հայտնել է, որ ԿԲ գնահատականների համաձայն՝ կանխատեսվող հորիզոնում ներմուծվող պարենային ապրանքների գների աճը որոշակիորեն կդանդաղի:

Միաժամանակ նշվել է, որ ԿԲ-ի կանխատեսմամբ` գնաճը Հայաստանում աստիճանաբար կնվազի և 2023 թվականի երկրորդ կիսամյակում կլինի 4 տոկոսի միջակայքում։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---