ԱԺ-ն հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով ԵԱՀԿ ՄԽ երկրներին փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ

ԱԺ-ն հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով ԵԱՀԿ ՄԽ երկրներին փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընդունել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու վերաբերյալ հայտարարությունը:

Մինչ այդ ՔՊ-ն մերժել էր Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ ընդդիմության հայտարարության տարբերակը, ընդդիմությունը լքել է նիստերի դահլիճը և չի մասնակցել քննարկմանը:

Հայտարարությամբ կոչ է արվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ:

Հայտարարության մեջ ասվում է. «2022թ-ի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանն ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը ԼՂ-ին կապող Լաչինի միջանցքը: Հերթական անգամ կոպտորեն խախտելով ՀՀ վարչապետի, Ադրբեջանի հանրապետության նախագահի և ՌԴ նախագահի 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում ԼՂ-ին զրկել արտաքին աշխարհի հետ կապից:

Սադրանքի նախապատրաստման համար Ադրբեջանը տևական ժամանակ ստեղծում էր քարոզչական կեղծ պատրվակներ: Այս ծայրահեղ սադրիչ և պայթյունավտանգ գործողության հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում: Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից։ Խափանվել են պարենի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները։

120 հազար մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում: Ահագնացնելով սադրիչ եւ հակամարդկային գործողությունները՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակի փականը, որը տեղադրել էր 2022 թվականի մարտի 7-ին խողովակը պայթեցնելուց հետո: Ստեղծված իրավիճակում գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցնել են աշխատանքները, ինչի հետևանքով շուրջ 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից:

Ադրբեջանի վերոնշյալ գործողությունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է սկսվում, կոպտորեն խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ԼՂ հայերի անվտանգությունը հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո: Այս ամենը հերթական ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ որդեգրել է ցեղասպանության քաղաքականություն։

Ադրբեջանական ԶՈւ կողմից ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները ԼՂ հայության գոյաբանական վտանգը ավելի առարկայական են դարձնում»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ, Լաչինի միջանցքը փակելով, Ադրբեջանը ուղղակիորեն ոտնահարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որոնց համաձայն Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո և Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը։

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում:

Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները եւ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար: Ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ ենք անում հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ», - ասվում է հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։

 Ուշագրավ
Նման հարցի քննարկման մասին խոսել էր ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը
Նա հավելել է, որ պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է
Նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 18-20–ը
Ըստ նրա՝ ՀՀ և Ադրբեջանի հանդեպ հավասարաչափ հեռավորության ԵՄ ռազմավարությունը ձախողվել է
---