14 դեկտեմբերի 2022 - 19:00 AMT
«Թաթոյան» հիմնադրամ․ Հայկական ԶԼՄ-ներն ադրբեջանցիների փակած հատվածից լուսաբանելու հնարավորություն չունեն

Հայկական ԶԼՄ-ներն Արցախ-Հայաստան միակ ճանապարհի Ադրբեջանի փակած հատվածից լուսաբանելու հնարավորություն չունեն, տեղի է ունենում միայն ադրբեջանական միակողմանի լուսաբանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։

Նշվում է, որ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը/ «Tatoyan» foundation ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական լրատվամիջոցները դեպքի վայրից իրականացնում են լիարժեք նկարահանումներ, այդ թվում` ուղիղ հեռարձակման միջոցով:

«Հայկական ԶԼՄ-ները լուսաբանման որևէ հնարավորություն չունեն, նրանց չի թույլատրվում անգամ մոտենալ դեպքի վայրին:

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են բացահայտ սադրիչ տեսանյութեր, հրահրում են թշնամանք, տարածում են կեղծ տեղեկություններ:

Հրավիրում ենք միջազգային հանրության ուշադրությունն այս փաստի վրա և վստահ պնդում, որ սա ադրբեջանական իշխանությունների նախապես ծրագրած քայլերից է, որով նպատակ ունեն տեղեկատվական դաշտը լցնել միայն իրենց անհրաժեշտ, միակողմանի ինֆորմացիայով։

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հրահանգավորվում են ադրբեջանական իշխանությունների կողմից և հանդիսանում են նրանց անուղղակի խոսափողը։ Իսկ տեղում գտնվող լրատվամիջոցները ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության կողմից:

Միանշանակ է, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելը, գազամատակարարումը դադարեցնելն Արցախը հայաթափելու, 120,000 մարդու մեկուսացման մեջ թողնելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության շարունակությունն է»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։