17 ապրիլի 2009 - 21:19 AMT
Nabucco նախագծի շուրջ համաձայնագիրը կստորագրվի 2009 թվականի առաջին կիսամյակի ավարտին
Միջկառավարական համաձայնագիրը Nabucco գազամուղի վերաբերյալ կստորագրվի մինչեւ 2009թ. առաջին կիսամյակի ավարտը, չնայած որոշակի լճացմանը, որ նկատվում է այս հարցում: Այդ մասին հաղորդել է նախագծում Հունգարիայի հատուկ ներկայացուցիչ Միխայ Բայերը: Նրա խոսքերով, միջկառավարական համաձայնագրի տեքստը վերջնականապես կմշակվի Պրահայում կայանալիք էներգետիկ գագաթնաժողովում, որը տեղի կունենա մայիսի 8-ին:

«Գազի պահանջարկի անկումը, ինչպես նաեւ կորպորատիվ ներդրումների կրճատումը տնտեսական ճգնաժամի հետեւանքով կարող է դանդաղեցնել Nabucco նախագծի իրականացումը»,-ասել է Բայերը: Բայերը չի բացառել իրաքյան գազի օգտագործումն այս գազամուղի համար: Նա նաեւ չի բացառել հնարավոր առաքումներն Իրանից, եթե հաշվի առնենք ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունն այս ուղղությամբ, հաղորդում է energyland.info-ն:

Nabucco գազամուղի նախագիծը, որի արժեքը 7,9 մլրդ եվրո է (10,1 մլրդ դոլար), ենթադրում է գազի առաքում Կասպից տարածաշրջանից եւ Կենտրոնական Ասիայից ԵՄ երկրներ: Գազատարի շինարարության սկիզբը նախատեսվում է 2011 թվականին, առաջին առաքումները կսկսվեն 2014 թվականին: Նախագծի մասնակիցներն են ավստրիական OMV-ն, հունգարական MOL-ը, բուլղարական Bulgargaz-ը, ռումինական Transgaz-ը, թուրքական Botas-ը եւ գերմանական RWE-ն: Յուրաքանչյուր մասնակից հավասար բաժնեմաս ունի` 16,67-ական տոկոս:

Նախագծի ընդհանուր արժեքի մեկ երրորդը կներդնեն Nabucco Gas Pipeline International-ի բաժնետերերը բաժնեմասային մասնակցության հիման վրա, մնացած 70 տոկոսը կվճարվի վարկերի հաշվին: