15 դեկտեմբերի 2022 - 10:56 AMT
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն ասել է, որ Գուտերեշը մտահոգված է իրավիճակով Ղարաբաղյան հակամարտության գոտում և կոչ է անում կողմերին ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ իրադարձություններին։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին նվազեցնել լարվածությունն ու ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների»,-ասել է Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը կրկին հայտարարել է տարածաշրջանում ընթացող միջնորդական ջանքերին իր աջակցության մասին»,-հավելել է նա։

Դեկտեմբերի 14-ին Նյու Յորքում տեղի է ունեցել նաև Գուտերեշի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Վերջինս ՄԱԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանումը և դրանց հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները: Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:

Հայկական կողմն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիայի խնդրին, Հայաստան֊Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը։

Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի, ռազմատենչ հռետորաբանության և հայատյացության իր քաղաքականությունը և առավելապաշտական մոտեցումները, այդպիսով խաթարելով Հարավային Կովկասում կայունությունը և անվտանգությունը։ Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։