17 դեկտեմբերի 2022 - 11:30 AMT
«Ազատություն»․ Ադրբեջանը դեռ 25 տարի առաջ է վաճառել Դրմբոնի ոսկու հանքի շահագործման իրավունքն ԱՄՆ-ում գրանցված ընկերությանը

Ադրբեջանի իշխանությունը դեռ 25 տարի առաջ` հայր Ալիևի օրոք է վաճառել Դրմբոնի՝ Ղըզըլբուլաղի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը Միացյալ Նահանգներում` Դելավերում գրանցված մի ընկերության, տեղեկացնում է «Ազատությունը»։

Նշվում է, որ Հեյդար Ալիևի պաշտոնական կայքն այն ժամանակ մեծ հանդիսավորությամբ հաղորդել էր`«1997 օգոստոսի 20-ին նախագահական պալատում պետական «Ազերիգզիլ» և ամերիկյան R.V. Investment Group Services ընկերությունները պայմանագիր ստորագրեցին՝ Ադրբեջանի վեց հանքավայրերում ոսկու, արծաթի ու պղնձի համատեղ արդյունահանում սկսելու մասին»:

«Դրանցից երեքը՝ Քելբաջարի Սոթքը, Զանգիլանում գտնվող Վեջնալին ու Դրմբոնի Ղըզըլբուլաղ հանքերը, այդ պահին գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության տակ: Պայմանագրում, որի ստորագրմանը ներկա էր եղել նաև այդ ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը, նշվում էր՝ «օկուպացված այդ տարածքները կազատագրվեն», չհստակեցնելով՝ երբ և ինչպես:

Ու թեև հեռանկարն ավելի քան անորոշ էր, դա չի խանգարել ամերիկյան ընկերությանը գործարք կնքել ու 500 միլիոն դոլարի ներդրումներ խոստանալ»,- ասվում է «Ազատության» հետաքննության մեջ։

Ընկերությունը, որի կառավարումը 2000-ականներից հանձնվել է Մեծ Բրիտանիայում գրանցված Anglo-Asian Mining-ին, ղեկավարում է 69-ամյա Մոհամադ Ռեզա Վազիրին։ Նա ամենախոշոր սեփականատերն է՝ բաժնետոմսերի մոտ 30 տոկոսով, և անձամբ է համաձայնեցրել գործարքի պայմանները Հեյդար Ալիևի հետ:

Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո, երբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան յոթ շրջանն ու այնտեղ գտնվող հանքերը, Վազիրին հայտարարեց՝ «մեր առջև նոր հորիզոններ բացվեցին»:

2021-ի ամռանը բրիտանական OpenDemocracy-ն գրել էր` Լոնդոնը պատերազմից առաջ և ընթացքում պարբերական կապի մեջ է եղել Anglo-Asian Mining-ի հետ, որը «ակնկալում էր օգուտներ ստանալ ադրբեջանական հողերի ազատագրումից»:

Այս հայտարարությունից ամիսներ անց հաղորդվեց, որ Ադրբեջանի կառավարությունը նոր գործարք է կնքել Anglo-Asian Mining-ի հետ և ոչ միայն երկարաձգել ոսկու պաշարներով հարուստ հանքերից մեկի շահագործման ժամկետը, այլև նոր՝ Ղարաբաղի Կաշենի հանքավայրի շահագործման իրավունք տվել:

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։ Սակայն, տեղում, հանքի աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։