17 դեկտեմբերի 2022 - 11:36 AMT
Վարդանյան․ Հանրահավաքը հետաձգվում է, կլինենք Մարտակերտում, հետո՝ Մարտունիում ու Ասկերանում

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 16-ի երեկոյան իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Ստեփանակերտում դեկտեմբերի 17-ին նախատեսված հանրահավաքը հետաձգվում է։

Նա հայտնել է, որ դեկտեմբերի 17-ին կայցելեն Մարտակերտ, հետո կլինեն Մարտունիում և Ասկերանում և հետո միայն պարզ կլինի, թե ինչ ձևով կկազմակերպվի Ստեփանակերտի հանրահավաքը։

«Ոուզում ենք, որ Ստեփանակերտում կայանալիք հանրահավաքը դառնա այն հանրահավաքների մեկը, որ եղել են 90-ականների սկզբին։ Երկար քննարկումներից հետո՝ քաղաքական ուժերի, նախագահի հետ, փորձեցինք գտնել բանաձևը, որը թույլ կտա անել այդ հանրահավաքը։ Որոշեցինք վաղը գնալ Մարտակերտ, որտեղ ժամը 15․00-ին հանդիպում կունենանք մարդկանց հետ։ Հաջորդ օրը կգնանք Մարտունի,հետո Ասկերան, որից հետո պարզ կլինեն մեր ծրագրերը»,- ասել է Վարդանյանը։

Դեկտեմբերի 17-ի առավոտվա եթերում նա տեղեկացրել է, որ ճանապարհը մնում է շրջափակված, ընդհանուր առմամբ վիաճկն Արցախում նորմալ է։

«Շարունակվում է կյանքը, աշխատում ենք, չնայած դժվարություններին, գնում ենք առաջ»,- ասել է նա։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։