17 դեկտեմբերի 2022 - 12:09 AMT
Կլաար․ ԵՄ դիտորդական առաքելությունը չի մտել Լաչինի միջանցք

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, անդրադառնալով համացանցում շրջանառվող տեսանյութին, հայտարարել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը չի մտել Լաչինի միջանցք, այն աշխատում է բացառապես Հայաստանի տարածքում։ Այդ մասին ասվում է նրա Twitter-ի միկրոբլոգում։

«Տեսանյութ է տարածվում, թե ինչպես են ԵՄ դիտորդական առաքելության պարեկախումբը հետևում Լաչինի միջանցք տանող ճանապարհին։ Այդ ժամանակ պարեկային խումբը գտնվել է հայ-ադրբեջանական սահմանից մոտ 1․2 կմ հեռավորության վրա գտնվող անցակետում։

ԵՄ դիտորդական առաքելությունը, իր մանդատի համաձայն, գործում է բացառապես Հայաստանի տարածքում և չի մտել Լաչինի միջանցք»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Factor.am-ը, որն այս օրերին ուղիղ հեռարձակում է իրականացնում ճանապարհից, հայտնել էր, որ Հայաստանում առաքելությունն ավարտող ԵՄ դիտորդները Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ հատվածում դիտարկումներ է իրականացրել։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։