Վարդան Ղուկասյանի դեմ քրհետապնդում կա․ Հանցավոր ճանապարհով 15 հողամաս է օրինականացրել

Վարդան Ղուկասյանի դեմ քրհետապնդում կա․ Հանցավոր ճանապարհով 15 հողամաս է օրինականացրել

PanARMENIAN.Net - Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ քրհետապնդում է հարուցվել․ Վ.Ղ.-ն , 1999 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2012-ը, լինելով համայնքի ղեկավար, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրիում գտնվող 15 հողամաս, ինչպես նաև վնասել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շինություն:

Մասնավորապես, Վ.Ղ.-ն, օրինականացրել է Գյումրու կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող հինգ միավոր հողամաս՝ ընդհանուր 0.48743 հա մակերեսով:

Համայնքի նախկին ղեկավարը նաև օրինականացրել է պետսեփականություն հանդիսացող 655.0 քմ մակերեսով հողամաս, նախկին զինվորական սովխոզի 2 միավոր հողամաս՝ ընդհանուր 610.0 քմ մակերեսով, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող շինությունը և համայնքային սեփականություն հանդիսացող 930.0 քմ մակերեսով հողամասը:

Նշված անշարժ գույքերի մի մասը, Վ.Ղ.-ն, օտարել է ինքն իրեն, մի մասը՝ «Անբերդ» ՍՊԸ-ին, որի հավասարաչափ բաժնետերեր են հանդիսացել Վ.Ղ.-ն և իր եղբայրը` Գ.Ղ.-ն, իսկ մյուս մասն էլ Վ.Ղ.-ի կողմից ուղղակի վաճառքով 2006 թվականին օտարվել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, Վ.Ղ.-ի ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի տնօրեն Ա.Մ.-ին: Ա.Մ.-ն 2009 թվականին նշված հողամասն առուվաճառքի պայմանագրով օտարել է Հ.Գ.-ին, Հ.Գ.-ն 2013 թվականին անհատույց օգտագործման պայմանագրով նշված հողամասը հանձնել է Վ.Ղ.-ին, այնուհետև՝ 2014 թվականին, Հ.Գ.-ն նշված հողամասը նվիրատվությամբ փոխանցել է Վ.Ղ.-ի մտերիմ Ս.Զ.ին, որն էլ 2017 թվականին, նվիրատվության պայմանագրով, տվյալ հողամասը փոխանցել է Վ.Ղ.ի որդուն` Ս.Ղ.-ին:

Նաև փաստական տվյալ է ձեռք բերվել, որ Վ.Ղ.-ի կողմից վնասվել է պատմության և մշակույթի հուշարձանը:

Հաշվի առնելով, որ արձանագրված փաստերը վկայում են առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) և մշակույթի անշարժ հուշարձանը վնասելու առերևույթ դեպքերի մասին, Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասին):

Հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 19-ին Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---