21 դեկտեմբերի 2022 - 11:09 AMT
ՀՀ-ն ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ԱԽ նիստում, որտեղ քննարկվում էր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, կոչ է արել ՄԱԿ ԱԽ-ին քայլեր ձեռնարկել, պահանջել Ադրբեջանից վերացնել Լաչինի միջանցնքի արգելափակումը, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայել Լաչինի միջանցքում:

Նա շեշտել է, որ Ադրբեջանը զանգվածային արշավ է մեկնարկել Լաչինի միջանցքում՝ պետական հովանավորությամբ, մտացածին պատրվակով կազմակերպելով Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը՝ Ադրբեջանը թիրախավորել է 120,000 մարդու: Մարգարյանը հիշեցրել է նաև Ադրբեջանի կողմից մի քանի օր Արցախի գազամատակարարումը դադարեցնելու մասին, որն ազդել է դպրոցների գործունեության վրա՝ երեխաներին զրկելով կրթության իրավունքից, գրում է Արմենպրեսը։

«Ահազանգող իրավիճակը ԼՂ-ում մոտ է մարդասիրական աղետ դառնալուն: Չնայած խաղաղապահ ուժերի ջանքերին՝ ադրբեջանական կողմի հետ ԼՂ իշխանությունների բանակցությունները, որոնք նպատակ ունեն վերականգնել միջանցքի ապահով և անխաթար շահագործումը, առ այսօր որևէ արդյունքի չեն բերել: Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում՝ նախորդ միջադեպերը, որոնց ընթացքում թիրախավորում էին քաղաքացիական ազգաբնակչությանը, ենթակառուցվածքները, ևս մեկ ապացույց է նրա, որ Լաչինի միջանցքի փակումն իրականում նախապես պլանավորված գործողություն է, որն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նպատակ հետապնդելով վնաս պատճառել ազգաբնակչությանը և մեծածավալ մարդասիրական ճգնաժամ առաջացնել ԼՂ-ում»,-ասել է Հայաստանի ներկայացուցիչը:

Նշվել է նաև, որ բնապահպանական մտահոգություններին ցանկացած հղում ոչ այլ ինչ է, քան կեղծ պատրվակ՝ արդարացնելու ԼՂ աղգաբնակչությանը գոյության միջոցներից զրկելը, նրանց հիմնարար իրավունքները մերժելը:

Հայաստանի ներկայացուցիչը շեշտել է, որ Ադրբեջանը ժողովրդավարության ամենացածր վարկանիշներից ունի՝ ապացուցված բողոքների բռնաճնշման նախապատմությամբ, տասնյակ քաղբանտարկյալների պատժելով:

«Այն գաղափարը, որ քաղհասարակության ակտիվիստներն այնտեղ կարող են այդօրինակ մասշտաբի և ընդգրկման արշավ իրականացնել առանց պետական իշխանությունների ուղղորդման և օժանդակության, առնվազն անհամոզիչ է»,-ասել է նա:

Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը մեկուսի դեպք չէ, սա հերթական անգամ վկայում է համակարգային բռնության մասին, որի գլխավերևում կանգնած են ադրբեջանական իշխանությունները, ում նպատակն է ԼՂ-ի ժողովրդին ենթարկել էթնիկ զտման:

Մարգարյանը ընդգծել է՝ եթե Ադրբեջանը հետաքրքրված է, որ բնապահպանական իրավիճակի անկախ գնահատում իրականացվի, ապա պետք է դիտարկվի ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն տեղակայելու հնարավորությունը՝ խնդիրն ուսումնասիրելու նպատակով:

Նա հավելել է, որ Ադրբեջանի պնդումները, թե լուծել է ԼՂ հակամարտությունը և անգամ վերացրել հազարամյակներ շարունակ հայերի կողմից բնակեցված տարածքի անվանումը, ակնհայտ վկայում են այն մասին, որ կանխամտածված ցեղասպանական քաղաքականության նշաններ կան: Մարգարյանը միջազգային հանրության ներգրավվածության շարունակումը միակ հնարավոր միջոցն է համարել՝ երաշխավորելու ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը:

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ պահանջելու Ադրբեջանից լիարժեքորեն հարգել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անմիջապես ու անվերապահորեն վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը՝ վերացնելով տրանսպորտային հաղորդակցության անվտանգ և ապահով կազմակերպման բոլոր խոչընդոտները, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայել ԼՂ-ում, Լաչինի միջանցքում՝ գնահատելու տեղի մարդասիրական իրավիճակը, ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների համար անխոչընդոտ հասանելիությունը ԼՂ մարդասիրական նպատակներով: Հայաստանը կոչ է անում ԱԽ-ին կատարել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իր պարտականությունը, ձեռնարկել պատշաճ միջոցառումներ և միանշանակ դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, որոնք գոյութենական սպառնալիք են առաջացնում ԼՂ ժողովրդի համար, նրանց ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի համար՝ առանց արտաքին բռնաճնշման վախի»,-եզրափակել է Հայաստանի ներկայացուցիչը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։