22 դեկտեմբերի 2022 - 11:42 AMT
Վարդանյան․ Թող օդային հումանիտար կամուրջ բացելու իրավունք տան՝ միջազգային կառույցները գան Արցախ առանց Բաքվի թույլտվության

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, խոսելով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով արդեն 10 օր շրջափակման մեջ գտնվող ԱՀ մասին, ասել է, որ պետք է օդային հումանիտար միջանցք բացել, որպեսզի միջազգային կառույցները գան երկիր առանց Բաքվի թույլտվության։ Այդ մասին նա ասել է Factor TV-ին հարցազրույցում։

«Ադրբեջանի մամուլը տարածում է տեղեկություններ, որ Արցախը Հայաստանին միացնող ճանապարհը բաց է, բայց դա այդպես չէ, որովհետև մեկ է՝ ճանապարհին գտնվում են ադրբեջանցի և՛ քաղաքական ուժեր, և՛ զինվորականներ, որոնք փակել են ճանապարհը, և եթե ուզում ես անցնել, ուրեմն պետք է նրանցից թույլտվություն ստանաս։ Դա մեր կողմից չի ընդունվելու։ Այդ իրավիճակը շարունակվում է՝ չնայած հայտարարություններին»,- ասել է Վարդանյանը։

Անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ նիստին՝ Վարդանյանը կարևորել է, որ ԼՂ հարցը բարձրաձայնվեց ամենաբարձր մակարդակով։

«Միանշանակ, բոլոր երկրները դատապարտեցին ճանապարհի փակումը՝ տարբեր բառեր օգտագործելով։ Հնչեց Լեռնային Ղարաբաղի հարցը՝ դա շատ կարևոր է, քանի որ ցույց տրվեց, որ հարցը փակված չէ, և ինչքան էլ Ադրբեջանն ասի, որ դա իր ներքին հարցն է, այդպես չէ։ Շատ կարևոր է՝ մարդիկ լսեցին և հասկացան, որ մենք ունենք հումանիտար ճգնաժամ, և կարևոր է՝ հարցը հնչեց այդ մակարդակում, որ մարդիկ զգան իրենց պատասխանատվությունը։ Մենք հուսով ենք, որ նիստից հետո կունենանք ավելի ուժեղ արձագանքներ և ճնշումներ Ադրբեջանի վրա, որ ճանապարհը բացվի։ Բայց եթե չի բացվելու ճանապարհը, մենք ստանանք իրավունք օդային կամուրջ ստեղծելու»,- ասել է պետնախարարը։

Նշվել է, որ նիստում Հայաստանը կոչ է արել ՄԱԿ-ի կառույցներին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար։ Տեղեկություններ են շրջանառվել նախկինում, որ միջազգային կառույցների մուտքն Արցախ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանն արգելել է՝ պայման դնելով, որ նրանք մուտք գործեն Ադրբեջանի կողմից։ Իսկ հայկական կողմը ցանկացել է, որ Լաչինի միջանցքով մտնեն, և հարցը փակուղի է մտել։

Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ օդային հումանիտար կամուրջը հնարավորություն կբացի նաև միջազգային կառույցների համար, որ կարողանան մուտք ունենալ Արցախ՝ առանց Ադրբեջանի թույլտվության։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։