22 դեկտեմբերի 2022 - 12:22 AMT
Փաշինյան․ ՌԴ խաղաղապահ զորախումբը ևս պարտավորությունները չի կատարում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը,ասել է, որ Արցախում հումանիտար իրավիճակը մնում է ծայրահեղ լարված, պարենի պակաս կա։

Նշելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորութունները, նա հավելել է, որ փաստացի պարտավորությունները, այն է՝ վերահսկողության տակ պահել միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։

«Եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո և Ադրբեջանը երաշխավորել է միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը, ինչը չի իրագործվում։

Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունները, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը: Ճիշտ է, դա տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և, մասնավորապես, վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը»,-ասել է նա:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Photo. AFP