22 դեկտեմբերի 2022 - 14:49 AMT
Վարդանյան․ 11 օր է շրջափակման մեջ ենք, սննդի և բենզինի հետ կապված խնդիրներ կան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշելով, որ Արցախն արդեն 11 օր է շրջափակման մեջ է, ասել է, որ իրավիճակն իսկապես ծանր է սննդի և բենզինի հետ կապված։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ փորձում են լուծումներ գտնել այդ խնդիրների համար։

«Լուծումը չպետք է այնպիսին լինի, որ հետևանքները մեզ հնարավորություն չթողնեն Արցախում մնալու, հանգիստ ապրելու համար»,-ասել է նա։

Վարդանյանը խոսել է ադրբեջանցիների կողմից փակված միջանցքի պատճառով տարբեր կողմերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ծանր հիվանդների մասին, որոնց Երևան տեղափոխելու անհրաժեշտություն կա, դեպքեր կան, երբ մարդիկ մահացել են, դիակները չեն կարողանում բերել Արցախ։

«Գնալով խնդիրներն ավելի են լրջանում։ Ես ուզում եմ մի քանի բան ասել՝ պատասխանատու ենք, պատրաստ ենք, աշխատում ենք։ Երկրորդ՝ չենք թողնելու ոչ մեկին դժգոհեն ու քաոս առաջացնեն։ Երրորդը՝ կայացած որոշումների մասին իրազեկելու ենք, հայտարարելու ենք լրատվամիջոցներով»,-ասել է նա։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։