ԱԽ քարտուղար․ Լայնածավալ աշխատանք է տարվում, որ Լաչինը հնարավորինս շուտ բացվի

ԱԽ քարտուղար․ Լայնածավալ աշխատանք է տարվում, որ Լաչինը հնարավորինս շուտ բացվի

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Ազգային ժողովում, անդրադառնալով իրավիճակին Լաչինի միջանցքում, ասել է, որ ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունները համատեղ լայնածավալ աշխատանք են իրականացնում բոլոր գործընկերների հետ` հնարավորինս շուտ Լաչինի միջանցքը բացելու համար։

Նա ասել է, որ ամեն ինչ արվում է միջանցքն իր նախկին կարգավիճակին վերադարձնելու համար։

«Այսինքն` մարդկանց, բեռների, ապրանքների տեղափոխումը Լաչինի միջանցքով հանգիստ, առանց որևէ վերահսկողության վերականգնվի»,– ասել է Գրիգորյանը։

Դեկտեմբերի 22-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցում մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ։ Զրուցակիցներն ընդգծել են իրադրության շուտափույթ հանգուցալուծման կարևորությունը և խաղաղության բանակցությունների շուրջ աշխատանքների շարունակումը

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
---