ՀՀ-ից Արցախ մեկնած շարասյունը տեղ չի հասել․ Վոլկովի տեղակալն ասել է` չի կարող ապահովել նրանց անվտանգ այցը

ՀՀ-ից Արցախ մեկնած շարասյունը տեղ չի հասել․ Վոլկովի տեղակալն ասել է` չի կարող ապահովել նրանց անվտանգ այցը

PanARMENIAN.Net - ՀՀ-ից Արցախ մեկնած ավտոշարասյունը տեղ չի հասել, ռուս խաղաղապահները նրանց ասել են, որ չեն կարող ապահովել նրանց անվտանգ այցը։ «Ձմեռ պապիկն այցելում է բոլորին» 2022 նախաձեռնության անդամներին, որոնք պետք է մեկնեին Ստեփանակերտ՝ ամանորյա նվերներ ու հյուրասիրություն մատուցելու արցախցի երեխաներին, դեկտեմբերի 26-ի երեկոյան կանգնեցրել են Տեղ համայնքի անցակետի մոտ:

Նրանցից չորսը հանդիպել է ռուս խաղաղապահ առաքելության հրամանատարի տեղակալի հետ՝ առանց (ռուսները պնդել էին, որ լրագրողների ներկայությամբ իրավունք չունեն բանակցելու) լրագրողների, գրում է «Առավոտը»։

Նախաձեռնության ղեկավար Սամվել Մովսիսյանը խաղաղապահների ղեկավարության ներկայացուցչի հետ քննարկումից հետո ներկայացրել է, թե ինչ են խոսել։ Նա ասել է, որ ներկայացրել են իրենց պահանջը։

«Ռուս խաղաղապահ առաքելության հրամանատար Վոլկովի տեղակալն ասել է, որ չեն կարող ապահովել մեր անվտանգ այցն Արցախ։ Զգուշացրեց, որ այնտեղ կարող է լինել լարված, վտանգավոր իրավիճակ, որը կարող է կառավարելի վիճակից դուրս գա և դրանով կարող է ավելի վնասենք այս վիճակին։ Ասաց, որ չեն կարող երաշխավորել մեր այցը, որովհետև հնարավոր է այնպիսի սադրանքներ լինեն այն կողմում (նկատի ունի ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստների հատվածում` խմբ․) , որ հնարավոր է կորցնենք մեր հայրենակիցներին։

Նաև ասացին, որ այս պահին քննարկումներ են գնում ամենաբարձր մակարդակով հենց այս խնդրի շուրջ, և ասացին, որ սպասենք պատասխանի։ Իրենց տեղեկացնելով, այդ ղեկավարության մեկ հրամանը ամբողջապես լուծելու է այս հարցը վերջնական, այլ ոչ թե մեկ-երկու անգամ բացեն կամ փակեն»,- ասել է Սամվել Մովսիսյանը։

Նախաձեռնության անդամներն առաջարկել են խաղաղապահներին, որպեսզի նրանք ապահովեն իրենց ազատ տեղաշարժը միջանցքով, բայց այն պայմանով, որ ադրբեջանցիները հետ կքաշվեն ճաղերի հետև, որպեսզի հայկական խումբն անարգել տեղաշարժվի։ Այս պայմանը ռուս խաղաղապահները մերժել են։

«Իրենք ասացին, որ պատրաստ են փոքր հնարավորության դեպքում մեզ ուղեկցել, բայց չեն կարող երաշխավորել, որ որևիցե կրակային հատվածներ չեն կարող լինել այն կողմից։ Իրենց մանդատի մեջ չկա կրակել, վերցնել, ուժով տանել»,- ասել է Մովսիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ խաղաղապահ առաքելության հրամանատարի տեղակալն ասել է, որ իրենք չեն խոստացել, որ դեկտեմբերի 26-ին միջանցքը կբացվի, ընդամենն ասել են, որ կարևոր հանդիպում է լինելու։

Հնարավոր է վերջիններս նկատի են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցությունը:

Արցախից տեսակապի միջոցով նախաձեռնության անդամների հետ զրույցում հայտնել են, որ պայման են դրել ռուս խաղաղապահների առջև՝ ճանապարհը բացել, և այնտեղ ադրբեջանցի չպետք է լինի, 48 ժամ ժամանակ են տվել, որից 12 ժամն անցել է։ Նաև պահանջել են, որ խաղաղապահների հրամանատարը հանդիպի արցախցիների հետ։

Նախաձեռնության անդամները վերադարձել են Գորիս՝ քննարկելու իրենց հետագա քայլերը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---