Ադրբեջանը 8 գյուղ է ուզում ՀՀ-ից և դեմ է ԼՂ կարգավիճակի հարցը հաջորդ սերունդներին թողնելու ՌԴ առաջարկին

Ադրբեջանը 8 գյուղ է ուզում ՀՀ-ից և դեմ է ԼՂ կարգավիճակի հարցը հաջորդ սերունդներին թողնելու ՌԴ առաջարկին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ամփոփելով 2022-ի արդյունքները, ասել է, թե ՀՀ հետ սահմանազատման արդյունքում «Ադրբեջանին պետք է 8 գյուղ վերադարձվի»:

«Հայաստանի հետ սահմանազատման արդյունքում Ադրբեջանին պետք է 8 գյուղ վերադարձվի։ Այդ գյուղերում ադրբեջանցիներ են ապրել, և այդ գյուղերը պետք է վերադարձվեն»,- ասել է նա, գրում է APA-ն։

Խոսքն անկլավների մասին է՝ Ղազախի շրջանի 7 գյուղի և Նախիջևանի Քյարքի, այժմ՝ Հայաստանի Տիգրանաշեն գյուղերի, որոնք ԽՍՀՄ տարիներին եղել են ադրբեջանաբնակ։ ՀՀ-ն ևս անկլավ ունի Ադրբեջանի տարածքում՝ Արծվաշենը։

Անդրադառնալով ԼՂ հարցին՝ Բայրամովն ասել է, թե Բաքուն առաջին իսկ օրվանից դեմ է եղել ՌԴ այն առաջարկին, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնվում է ապագային։

«Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի հետ կապված կարգավիճակի հարցը թողնել ապագային։ Մենք առաջին իսկ օրվանից հայտարարել ենք, որ այդ առաջարկն անընդունելի է։ Մենք բանակցում ենք հիմնարար սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանը քայլ է անում միայն իր ազգային շահերի շրջանակում»,-ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Վաշինգտոնի տարբերակով Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի կազմում, իսկ ռուսականով՝ խաղաղության պայմանագրում Ղարաբաղի մասին նշում կլինի, բայց դա պետք է համաձայնեցնել Ադրբեջանի հետ։ Փաշինյան-Ալիև-Պուտին՝ Սոչիի հանդիպումից հետո Հայաստանում ՌԴ դեսպանը հայտարարել էր՝ Մոսկվայի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին։ Փաշինյանն իր հերթին ասել էր, որ իր ղեկավարած կառավարության քաղաքականությունը 100 տոկոսով համապատասխանում է ռուսական տարբերակին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---