29 դեկտեմբերի 2022 - 12:18 AMT
Արցախում դեկտեմբերի 29-ից կսահմանափակվի հանրային սննդի ծառայությունների մատուցումը

Արցախում դեկտեմբերի 29-ին ուժի մեջ կմտնի հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումների մասին կառավարության որոշումը։

«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 3.1-ին կետով ու Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ:

Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 13.00-ին»,- ասվում է հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։