29 դեկտեմբերի 2022 - 12:51 AMT
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում, որ ռազմական դրության պայմաններում համացանցը սահմանափակող նախագիծը պատշաճ չի քննարկվել

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը կարծիք է ներկայացրել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկված փոփոխությունների նախագծի վերաբերյալ՝ մտահոգիչ համարելով այն հանգամանքը, որ նախագիծը չի անցել պատշաճ հասարակական և մասնագիտական քննարկում, անգամ ապահովված չէ ապագայում դրանց կատարող մարմինների հետ նախնական խորհրդատվությունը:

Պաշտպանը կոչ է արել նախաձեռնողներին ոլորտի մասնագետների ու պատասխանատուների ներգրավմամբ լրամշակել նախագծի խնդրահարույց դրույթները։

Առաջարկվող իրավակարգավորումները հնարավորություն են ընձեռում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում սահմանափակելու հեռուստատեսությամբ հեռարձակվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակությունը, ՀՀ տարածքում ինտերնետ հասանելիությունը, ինչպես նաև արգելափակելու ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողությունը:

ՄԻՊ-ը նշել է, որ․

-Միջոցառումները սահմանափակում են մարդու իրավունքները, առավելապես կարծիքի արտահայտման ազատության և տեղեկատվության մատչելիության իրավունքները։ Այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների, կարծիքի արտահայտման ազատության ապահովման և պաշտպանության ՄԱԿ հատուկ զեկուցողի, ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի զեկույցների և այլ միջազգային-իրավական փաստաթղթերի վերլուծության արդյունքում Պաշտպանը եզրահանգել է, որ Նախագծի խնդրո առարկա իրավակարգավորումները մտահոգիչ են մարդու իրավունքների տեսանկյունից, մասնավորապես՝ կարող են հանգեցնել կարծիքի արտահայտման ազատության և տեղեկատվության մատչելիության իրավունքների անհամաչափ սահմանափակման։

-Նախագծով չեն նախատեսվել նաև այն դեպքերը, երբ կարող են կիրառվել նախատեսված միջոցառումները, պայմանները, երաշխիքները, վերահսկողության մեխանիզմներն, ինչպես նաև թե որ մարմինն է իրականացնելու նախատեսված գործառույթները։

«Կարծիքի արտահայտման ազատությունը և այն իրացնելու հիմնական միջոցների երաշխավորումը՝ որպես ժողովրդավարական հասարակության հիմնաքար և զարգացման կարևոր նախապայման, ունի ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային իրավական սկզբունքային նշանակություն»,-ասվում է հայտարարության մեջ։