29 դեկտեմբերի 2022 - 13:57 AMT
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանը որոշել է չփոխել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանքը։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել Տոնոյանին 35 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին։ Դատարանը որոշման հիմքում կրկին դրել է վկաների վրա ճնշում գործադրելու հանգամանքը:

«Խափանման միջոցի փոփոխման միջնորդության հիմքում նշել էինք, որ նախկինում մերժման հիմք դարձած գրավոր և մյուս ապացույցների հետազոտման փուլն ավարտված է, իսկ վկաների խոչընդոտելու հավանականությունը՝ բացակայում է, սակայն դատարանը կրկին նույն հիմքն է մատնանշում և, արդեն չգիտեմ որերորդ անգամ, մերժում ազատ արձակել Դավիթ Տոնոյանին»,- ասել է պաշտպան Հովհաննիսյանը։

Պաշտպանական կողմի պնդմամբ՝ Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի և երեք ամիս անց իրենց միայն հնարավորություն է ընձեռնվել 3 դատական նիստերի ընթացքում հրապարակել և հետազոտել «մեղադրանքն ամբողջապես հերքող փաստական տվյալներն ու ապացույցները»։

«Հիմնավորել ենք հրթիռների ձեռքբերման անհրաժեշտությունն ու օրինականությունը, մեղադրվող պաշտոնյաների՝ իրենց լիազորությունների սահմաններում կատարված գործողությունների իրավաչափությունը, խնդրո առարկա հրթիռների տեխնիկական նորմերին, պահանջներին և պահպանման ժամկետներին համապատասխանությունը, ինչպես նաև նախաքննության ընթացքում կատարված ապօրինությունները, անճշտությունները և ուղղորդված շտապողականության փաստերը»,- նշել է պաշտպանը։

2018-ից մինչ 44-օրյա պատերազմի ավարտը պաշտպանական գերատեսչությունը ղեկավարած Տոնոյանն ու բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ (Պատրոն Դավո) մեղադրվում են մոտ 4․7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Ըստ մեղադրող կողմի, 2018-ին բանակի համար ձեռք է բերվել ավելի քան 4 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հրթիռ, որոնք հնարավոր չի եղել կիրառել պատերազմի ընթացքում։ Հենց այդ գործարքի հետևանքով պետությունը միլիոնավոր դոլարների վնաս է կրել։ Գործի քննությունը լրագրողների համար դռնփակ ռեժիմով էր անցկացվում, պաշտպանական կողմն ամբողջ ընթացքւմ հրապարակային դատավարություն էր պահանջում՝ պնդելով, որ այս քրեական գործը պետական գաղտնիքներ չի պարունակում։ Դատարանն այս միջնորդությունը միայն մեկ անգամ է բավարարել. նիստը 1 ժամ դռնբաց է կայացել։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև ԶՈւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, պետի նախկին տեղական Ստեփան Գասլտյանը ու ևս երեք անձ։

Ամիսներ առաջ վերաքննիչ դատարանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին։ Ազատության մեջ է նաև գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը։