Փաշինյան․ Ոչ մի համակարգում չենք ձախողել, 2018-ից շատ ավելորդ համեստություն ենք արել

Փաշինյան․ Ոչ մի համակարգում չենք ձախողել, 2018-ից շատ ավելորդ համեստություն ենք արել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը, ամփոփելով 2022-ը, ասել է, որ կարելի է ասել` գործող կառավարությունը բարեփոխումների կառավարություն է։

«Մեզ ուղղված ամենամեծ քննադատությունն անորակ կառավարումն է եղել և այդ մեղադրանքների կուլմինացիան 2020-ին էր՝ կորոնավիրուսի ճգնաժամի ժամանակ: Այն ժամանակ մենք ատամ ատամի, այսպես ասած, մեր գործն էինք անում: Հիմա, երբ աշխարհը հետադարձ ամփոփում է կորոնավիրուսի ճգնաժամի կառավարման արդյունքները՝ տեսնում ենք, որ ՀՀ-ն առնվազն լավագույններից է եղել ճգնաժամը կառավարողներից:

2018-ից մենք շատ ավելորդ համեստություն ենք ցուցաբերել՝ մտածելով, որ պետական կառավարման համակարգում հիմնականում նոր ենք, ամեն տեղ այդպես չգնանք, չմտնենք: Այնտեղ, որտեղ մենք չենք մտել, այնտեղ, որտեղ թողել ենք ստերիլ, ասել ենք՝ այդ համակարգը պետք է որ կայացած լինի, թողենք ինքն իրենով ապրի՝ այդտեղ մենք ունեցել ենք ամենամեծ ձախողումները: Եվ հակառակը, այնտեղ, որտեղ, մտել ենք և գործ ենք արել, սխալվել էլ ենք իմիջայլոց այդ գործում, բայց այդպիսի ոչ մի համակարգում մենք ձախողում չենք ունեցել»,-ասել է նա:

Նա նշել է, որ 2022-ը թերևս բարեփոխումների իմաստով ամենաարդյունավետ տարին էր, որովհետև այս տարի հսկայածավալ բարեփոխումներ ենք իրականացրել:

«Շատ կարևոր փոփոխություններ ենք իրականացրել դատական համակարգում: Ես կարևորում եմ, որ կամք ենք ցուցաբերել, արդեն որերորդ անգամ բանաձևերով դատական համակարգում աշխատավարձեր ենք բարձրացնում, բայց դա փողի մասին չէ, դա անկախ դատական համակարգ ունենալու մեր հանձնառության և մեր ցանկության մասին է:

Զինված ուժերում լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում: Ուրախ ենք, որ Զինված ուժեր են հասել բարեփոխումները և մեծ թափով ծավալվում են: Պիտի ասեմ՝ որոշակի զղջում կա, որ այդ բարեփոխումները հենց միանգամից 2018-ից չենք իրականացրել: Գիտենք նաև, թե ինչու չենք իրականացրել, որովհետև մեր մտածածը եղել է, որ բանակին, այսպես ասած, հեղափոխական հովերից հնարավորինս հեռու թողնենք: Արդյունքում՝ պարզվեց, որ դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ, բայց դա չէ էականը:

Ոստիկանության ոլորտում հսկայական բարեփոխումներ ենք իրականացնում: Շատ շուտով՝ մի քանի օրից կունենանք Ներքին գործերի նախարարություն: Ազգային անվտանգության ծառայության ոլորտում ենք բարեփոխումներ իրականացնում: Մի մասը երևում է, իսկ մի մասն էլ չի երևում, պետք էլ չէ երևա: Պետական պահպանության ծառայությունն ենք որպես ինստիտուտ առանձնացնում: Բայց այդ պրոցեսների ամենակարևոր իմաստն ու նպատակն Ազգային անվտանգության ծառայության էֆեկտիվությունն ու նպատակասլացությունը մեծացնելն է:

Նախորդ տարի Հակակոռուպցիոն կոմիտե ձևավորվեց: Հակակառուպցիոն, ընդհանրապես՝ դատական և քննչական համակարգն ամբողջությամբ վերափոխվեց: Առաջին անգամ մեր պատմության ընթացքում մենք ստեղծել ենք մարմին, որը, բացի Ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից, ունի օպերատիվ հնարավորություններ: Նման բան նախկինում երբեք չի եղել: Քննչական մարմինները տարբեր փոփոխությունների են ենթարկվել, բայց միևնույն է օպերատիվ մարմինները եղել են՝ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը: Բարեփոխումներ են իրականացվել ֆինանսների կառավարման, հանրային կառավարման ոլորտներում և այդպես շարունակ:

Ես ինչո՞ւ եմ սա ընդգծում, որովհետև հասկանալի է, որ մենք և՛ էմոցիոնալ, և՛ բոլոր առումներով շատ կենտրոնացած ենք անվտանգային միջավայրի հետ կապված խնդիրների վրա, բայց ուզում եմ, որ նաև չմոռանանք շատ կարևոր մի հատկություն, որ նույնիսկ ամենսուր պայմաններում մենք բարեփոխումների օրակարգից չենք շեղվել ոչ մի միլիմետր: Պետք է հիշատակել այն բարեփոխումները, որ իրականացնում ենք հանրակրթության ոլորտում, այն բարեփոխումները, որ իրականացնում ենք նաև տարածքային կառավարման ոլորտում: Մենք 100 տոկոսով անցում ենք կատարել համամասնական ընտրակարգի տեղական ինքնակառավարման մարմիններում և այսպես շարունակ»,-ասել է Փաշինյանը:

Նա նշել է նաև, որ 16 տոկոս էլեկտրաէներգիայի արտադրության աճ ունենք նախորդ տարվա նկատմամբ, պետք է ընդգծել դպրոցաշինությունը և այսպես շարունակ:

«Այս տարի արբանյակ ենք բաց թողել: Հիմա արդեն այդ արբանյակը կառավարելու համակարգերն են տեղադրվում: Սա նույնպես շատ կարևոր է: Կրկին պատմական աննախադեպ իրադարձությունների ականատես, հեղինակ և համահեղինակ ենք դարձել:

Խոստացել էինք, որ Հայաստանում պետք է ավիացիան վերականգնենք: Այո, ավիացիոն ոլորտը ՀՀ-ում կայանում է: Ես հիշում եմ քննարկումները, թե ինչքանով է պատեհ, որ կառավարությունը համաներդրող հանդես գա, որպեսզի ավիաընկերություն հիմնադրի: Նաև մասնավոր ոլորտի մեր ընկերները շատ մեծ քննադատություն են ունեցել, բայց հաշվարկով գուցե արդարացված չէ, ինտուիցիան էլ է շատ կարևոր:

Մենք նախորդ տարի խոսում էինք, որ պետք է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը արտապատվիրակենք մասնավոր հատվածի: Գործընկերներն ասացին՝ ի՞նչ է ձեր ուզածը, ասացինք՝ մեր ուզածն այն է, որ ոչ թե վնասով աշխատի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, այլ շահույթով: Այս տարի արդեն տեսնում ենք, որ եկամտաբերությունն էականորեն աճել է: Երևան քաղաքում տրանսպորտային համակարգում բարեփոխումներ տեսանք, բոլորովին վերջերս նաև ավտոբուսներ ներկրեցինք և այդպես շարունակ:

Այսօր կարող ենք ասել, որ բարեփոխումների կառավարություն ենք, և ես շատ ուրախ եմ արձանագրել, որ այդ բարեփոխումների օրակարգն իրականում կոնսոլիդացնում է պետական կառավարման համակարգը»,-ասել է վարչապետը։

Նա նշել է, որ խնդիրն է՝ այնպես անել, որ անձերից հնարավորինս քիչ բան կախված լինի, չնայած անձերի դերը միշտ էլ վճռորոշ կլինի, բայց ինստիտուտներից կախված լինի ավելի շատ բան:

«2022 թվականն ի՞նչպես կանվանենք: Այո, կարող ենք անվանել ամենատարբեր ձևերով. կարող ենք անվանել Հայաստանի դեմ ագրեսիայի տարի, նոր տարածքային կորուստների տարի, Լեռնային Ղարաբաղի խնդրի ավելի բարդացման տարի և այլն: Այո, կարող ենք նաև այդպես անվանել, բայց եթե ուզում ենք օբյեկտիվ գնահատել տարին՝ իրական գնահատականն այն է, որ սա լուրջ, լրջագույն, համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների տարի է եղել: Ըստ էության, մեր կառավարման բոլոր տարիները եղել են համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների տարիներ՝ այն տրամաբանությամբ, որ եղել է մի փուլ, որ մենք բավարար համարձակություն չենք ունեցել բոլոր տեղերում այդ բարեփոխումներն ունենալ: Մենք հիմա ունենք այդ վճռականությունը՝ բոլոր տեղերում մտնել, այդ բարեփոխումն իրականացնել, քաղաքական կամք ցուցաբերել, չչքմեղանալ, որովհետև այո, մենք գիտենք, մեր գիտելիքն էլ է բավարար, մեր փորձն էլ, մեր նվիրվածությունն էլ, մեր վճռականությունն էլ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---