Վարդանյանը՝ France 24-ին․ Սա իրականում ոչ թե բնապահպանական շարժում է, այլ Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու

Վարդանյանը՝ France 24-ին․ Սա իրականում ոչ թե բնապահպանական շարժում է, այլ Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ եթերում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և խոսել շրջափակման պատճառների մասին:

«Նախ ուզում եմ ողջունել բոլորին և շնորհակալություն հայտնել բոլոր ֆրանսիացիներին, ովքեր աջակցում են մեզ, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարությանը։ Մենք իսկապես բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը: Իրականությունն այն է, որ 120 հազար մարդ ձմռանը չունեն վառելիք, դեղորայք, սնունդ, ճանապարհը փակ է, ունենք բաժանված ընտանիքներ, ունենք մի քանի հարյուր երեխաներ, որոնք մնացել են Հայաստանում առանց ծնողների, Արցախում երեխաներ ունենք՝ մնացած առանց ծնողների։ Մենք ունենք բազմաթիվ ոչ արցախցիներ, ովքեր այցելել են Արցախ, և հիմա նրանք նույնպես արգելափակված են այստեղ։ Իրավիճակը բավականին ծանր է, բայց այստեղ ապրող մարդիկ հավատում են, որ դա մեծ պայքար է հանուն անկախության, և դրա համար էլ նրանք ուժեղ են մնում, ու չնայած բոլոր մարտահրավերներին և բոլոր դժվարություններին՝ մենք համախմբված ենք ու մեզ շատ ուժեղ ենք զգում։ Չնայած բոլոր ճնշումներին, որ փորձում է մեզ վրա գործադրել Ադրբեջանը՝ մենք դիմակայում ենք և դառնում ենք ավելի ուժեղ այս շրջափակման պայմաններում»,-ասել է նա։

Այն հարցին, թե ի՞նչ է կարծում այն մարդկանց մասին, ովքեր իրականացնում են այս բողոքի ակցիաները՝ ակտիվիստնե՞ր են, որոնք բողոքում են տարածաշրջանում ապօրինի հանքարդյունաբերության դեմ՝ Վարդանյանը պատասխանել է, որ սա Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված շոու է, և իրականում բնապահպանական շարժում չէ։

«Մենք այսօր կառավարության և հանքարդյունաբերող ընկերության ղեկավարության հետ համատեղ հայտարարություն ենք տարածել, որ պատրաստ ենք ընդունել միջազգային էկոլոգիական փորձագետների, որպեսզի գան և ստուգեն մեր հանքարդյունաբերությունը: Կարծում ենք, որ այն աշխատում է լավագույն չափանիշներով, և մենք նաև ցանկանում ենք, որ ստուգեն ոչ միայն մեր, այլև ամբողջ տարածաշրջանում հանքարդյունաբերությունը, և ստուգեն մասնագետները, ոչ թե ինչ-որ այսպես կոչված «էկոակտիվիստներ», որոնք մենք բոլորս պարզեցինք, որ իրական բնապահպան չեն։ Նրանց մեծ մասը մարդիկ են, որոնք ծառայում են Ադրբեջանում հատուկ ծառայություններում։ Ի դեպ, եթե Ֆրանսիայում մարդիկ հետաքրքրվեն և ստուգեն, թե վերջին 10 տարում քանի անգամ են բնապահպանական ակցիաներ տեղի ունեցել Ադրբեջանում, մենք կզարմանանք, քանի որ այդ թիվը զրո է։ Այսպիսով, սա Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված շոու է, և իրականում բնապահպանական շարժում չէ»,-ասել է նա։

France 24-ը խնդրել է Վարդանյանին նաև ներկայացնել իր անձնական պատմությունը՝ թե, լինելով ՌԴ քաղաքացիությամբ գործարար Ռուսաստանում, ի՞նչն է նրան ստիպել Արցախում քաղաքականությամբ զբաղվել և վերադառնալ, տեղափոխվել Ստեփանակերտ։

«Հայերն ապրում են աշխարհով մեկ։ Մենք ունենք մեծ սփյուռք Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ամերիկայում, շատ այլ երկրներում, և մենք բոլորս կապված ենք Արցախի հետ։ Արցախը տուն է ամբողջ հայ ժողովրդի համար, քանի որ հայոց այբուբենի ստեղծողը՝ Մեսրոպ Մաշտոցը, հայերեն տառերի ուսուցանումն սկսել է Արցախում, որը խորհրդանիշն է հայկական ժառանգության, հայկական մշակույթի, հայկական ԴՆԹ-ի։ Դրա համար էլ բազմաթիվ նախագծեր ենք արել վերջին 20 տարվա ընթացքում։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո ես զգացի, որ սա Արցախում բնակվողների համար ամենադժվար ժամանակներից է և հասկացա, որ ուզում եմ լինել այն մարդկանց հետ, ովքեր իսկապես մեծ ճնշման են ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Նրանք պետք է զգան, որ իրենք մենակ չեն։ Մենք նույնպես Արցախում արմատներ ունենք, սակայն այլ վայրերում ենք ապրում, և ես հասկացա, որ սա է հենց ժամանակը պատասխանատու լինել ազգիդ, սեփական հայրենիքի համար և փորձել օգնել մարդկանց, ովքեր իսկապես տառապում են ստեղծված իրավիճակում»,-ասել է Վարդանյանը:

Վարդանյանին հարցրել են նաև, թե ինչպես է վերաբերվում վերջերս շրջանում հնչող այն մեղադրանքներին, օրինակ՝ Հայաստանի որոշ ընդդիմադիր կուսակցությունների կողմից, թե Ռուսաստանն իր խաղաղապահի դերը Լաչինի այս շրջանում բավարար կերպով չի իրականացնում, չի կարողանում կատարել իր պարտականություններն այս տարածաշրջանի հանդեպ։

«Գիտեք, ես շատ երկրներում հետևել եմ խաղաղապահների աշխատանքին, օրինակ՝ ֆրանսիացիները, որոնք շատ անգամներ ուղարկվել են Աֆրիկա, և մենք բոլորս գիտենք, որ դա սովորաբար ենթադրում է սահմանափակ թվով զինվորներ, սահմանափակ մանդատ և զենք գործածելու սահմանափակ իրավունքներ։ Ուստի մի կողմից հասկանալի է ժողովրդի հիասթափությունը, բայց միևնույն ժամանակ մենք պետք է գիտակցենք, որ առանց ավելի լայն մանդատի, առանց ավելի մեծ թվով զինվորներ, առանց իրենց տանն ապրող և 35 տարի իրենց անկախության համար պայքարող հայերին պաշտպանելու ավելի հստակ իրավունքների ապագա չի լինի։ Ուստի կարծում եմ, որ շրջափակումը ցույց տվեց, որ թե որտեղից պետք է ավելի մեծ և ուժեղ մանդատ ստանալ՝ նաև ՄԱԿ-ից»,-ասել է նա։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---