7 հունվարի 2023 - 12:19 AMT
Տեր Ասողիկ. Հանրայինը հաղորդավարի խոսքից կրճատել է կաթողիկոսին երախտագիտություն հայտնելու հատվածը

Մայր աթոռ սբ էջմիածնի թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հանրային հեռուստաընկերությունը հունվար 6-ի տոնական համերգի հեռարձակումից հաղորդավարի խոսքից կրճատել է կաթողիկոսին երախտագիտություն հայտնելու հատվածը։

«Հունվար 6-ի երեկոյան, Արամ Խաչատրյան համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, երկրորդ անգամը լինելով, տեղի ունեցավ տոնական մեծ համերգ՝ նվիրված Սուրբ Ծննդյան տոնին:

Համերգը նկարահանվեց և հեռասփռվեց Հանրային հեռուստաընկերությամբ: Սակայն... Համերգի ձայնագրության մեջ կրճատված էր հաղորդավարի խոսքը, որը նաև երախտիքի խոսք էր՝ ուղղված այն երախտավորներին, որոնց շնորհիվ կյանքի կոչվեց նախագիծը:

Ցավալի է, բայց, մանավանդ, անընդունելի ու դատապարտելի նման մոտեցումը, որ դրսևորեցին Հանրային հեռուստաընկերության պատկան անձերը»,-ասվում է գրառման մեջ։

Տեր Ասողիկը հրապարակել է դահլիճում հնչած, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերում «փոքրոգությամբ կտրված հատվածը»։

«…Որդիական ակնածանքով ու սիրով մեր երախտագիտությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, որ Իր օրհնությամբ կյանք պարգևեց այս նախագծին:

Շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ ցուցաբերած աջակցության համար: Երախտագիտության մեր սրտագին խոսքն ենք հղում տոնական այս համերգի հովանավորներին՝ Հայ բարեգործական ընդհանուր միությանը, Էվոկաբանկին, Կոնվերսբանկին, Արմսվիսբանկին և բոլոր աջակիցներին»,-ասվում էր կտրված հատվածում։

Հունվարի 6-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ։ Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ Երևանում հոգևոր-դասական համերգ է տեղի ունեցել։ Համերգի ծրագրում հնչել են հայ հոգևոր երգեր՝ նվագախմբի նվագակցությամբ, ինչպես նաև սուրբծննդյան ավանդական երգեր: