Վարդանյան. Փաշինյանի և Ալիևի ելույթները հաստատեցին՝ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է

Վարդանյան. Փաշինյանի և Ալիևի ելույթները հաստատեցին՝ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունվարի 10-ի ասուլիսներին, գրել է, որ նրանց ելույթները հաստատեցին՝ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է։

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեկվա ելույթները հաստատեցին, որ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է։

Պետք է պայքարել՝ հույսը դնելով սեփական ուժերի վրա։

Պայքարել Հայաստանի քաղաքացիների աջակցությամբ, որոնք վերջին ընտրություններում քվեարկել են քաղաքական այն ուժերի օգտին, որոնք իրենց ծրագրերում հայտարարել են Արցախին լիակատար աջակցության մասին։

Պայքարել Սփյուռքի ակտիվ աջակցությամբ, որը ծայրահեղ իրավիճակներում միշտ հայրենիքի կողքին է եղել։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը կանգնել Արցախի կողքին՝ պաշտպանելով Արցախը բնաջնջումից և բռնազավթումից»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում, որին մասնակցել են ԱՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները, ընդունվել է ԱՀ ԱԽ հայտարարություն, որտեղ ասվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում համազգային պայքարի գաղափարներին։ Արցախից նաև ՀՀ իշխանություններին հորդորել են առաջնորդվել բացառապես ԱՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---