ՔՊ-ում դեռ չեն որոշել 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու համար կդիմեն ՍԴ, թե՝ ոչ

ՔՊ-ում դեռ չեն որոշել 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու համար կդիմեն ՍԴ, թե՝ ոչ

PanARMENIAN.Net - Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» դեռ չեն որոշել՝ «Հայաստան» խմբակցության 29 պատգամավորից 22-ի լիազորությունները դադարեցնելու համար կդիմեն Սահմանադրական դատարան (ՍԴ), թե՝ ոչ։ Հարցը քննարկվելու է Ազգային ժողովի խորհրդի նիստում։

«Խմբակցության հետ կքննարկենք, կարող է ինչ-որ կոնկրետ պատգամավորների վերաբերյալ լինի տենց որոշում, կարող է ընդհանրապես չլինի՝ հաշվի առնելով, որ իրենք վերադարձել են և շարունակում են չակերտավոր աշխատել», - ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հայտնում է «Ազատությունը»։

Եթե մի կիսամյակի ընթացքում պատգամավորը քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է, Ազգային ժողովի խորհրդի նիստ է հրավիրվում։ Սա պարտադիր է, իսկ ահա դրանից հետո բարձր դատարան դիմել-չդիմելը խորհրդի որոշելիքն է։

Իշխանական մեկ այլ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը կարծում է՝ իրենց որոշման վրա էական ազդեցություն կունենա այն հանգամանքը, որ ընդդիմադիրները անցած տարեվերջից վերադարձել են խորհրդարան։

«Ավելին՝ նրանց մի մասն ակտիվ նաև աշխատում է միջազգային պատվիրակություններում, այսինքն, կարելի է ասել որպես Ազգային ժողովի պատգամավոր, որպես խմբակցություն իրենց գործառույթներն, իմ պատկերացմամբ, այս պահին իրենք իրագործում են: Եվ, այո, նաև հաշվի առնելով այն իրավիճակը, այն մարտահրավերները, որ այս պահին ունենք և՛ մենք, և՛ Արցախում կան, ես կարծում եմ, այս հարցի քննարկման ժամանակ այս ասպեկտները էական ազդեցություն կունենան մեր որոշման վրա», - ընդգծել է Գաբրիելյանը:

Ընդդիմադիր պատգամավորները որոշել են նիստին չմասնակցել։ Պնդում են՝ իշխող ուժը սխալ է մեկնաբանում Սահմանադրությունը, օրենքները, ու մանդատից զրկելու հարցը փորձում է քաղաքական հետապնդման համար օգտագործել։

22 ընդդիմադիր պատգամավորի մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու համար հիմք է ծառայելու բացակայությունների քանակը։ Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները 2022-ի ապրիլից փողոցային պայքարի էին դուսր եկել և չէին մասնակցում ԱԺ նիստերին՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրան խորհրդարան վերադարձան աշնանը, հոկտեմբերի վերջին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---