Շրջափակման հետևանքով Արցախում 1000-ից ավելի աշխատատեղ է կրճատվել, բիզնեսներ են փակվել

Շրջափակման հետևանքով Արցախում 1000-ից ավելի աշխատատեղ է կրճատվել,  բիզնեսներ են փակվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով ԱՀ շրջափակումը տևում է արդեն մեկ ամսից ավելի, և այդ ընթացքում երկրում 1000-ից ավելի աշխատատեղ է կրճատվել, ժամանակավորապես փակվել են բիզնեսներ։

Այդ մասին «Արցախ։ Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջ-կոնֆերանսի ժամանակ տեղեկացրել է ԱՀ պետական նախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, հայտնում է Արցախպրեսը։

«Նախատեսվում է տնտեսության էականորեն տուժած ոլորտներին որոշակի աջակցություն տրամադրել, նաև տնտեսական կառուցվածքի բարեփոխման աշխատանքներ կիրականացվեն»,-հավելել է Առաքելյանը։

Նա ընդգծել է, որ 2020 թվականի պատերազմից հետո էապես փոխվել է Արցախի տնտեսության կառուցվածքը: 2021-2022 թվականներին տնտեսության հատվածում բազմաթիվ նոր ծախսեր իրականացնելու պատճառով առաջացել են բյուջետային և տնտեսական բազմաթիվ խնդիրներ:

«2023 թվականին պետբյուջեն, որը հաստատվել էր մինչև շրջափակումը, նախանշում էր մոտավորապես 50 մլրդ դրամի սեփական եկամուտների չափ: Սակայն շրջափակման առաջին օրվանից ակնհայտ է, որ հնարավոր չէ ունենալ եկամուտների նման մակարդակ: Եվ արդեն այս 1 ամսվա ընթացքում բազմաթիվ ընկերություններ հնարավորություն չունեն աշխատելու, որը ոչ միայն հարկային եկամուտների էական նվազեցում է առաջացնում, այլ նաև աշխատատեղերի»,-իրազեկել է Առաքելյանը։

Նրա խոսքով՝ պետբյուջեն արդեն իսկ ուղղված էր ճգնաժամային խնդիրների կարգավորմանը։ 2023-ին այն էականորեն փոխելու է իր կառուցվածքը, քանի որ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակն ավելի լուրջ ֆինանսական, տնտեսական մարտահրավերների առաջ է կանգնեցրել։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել է ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---