16 հունվարի 2023 - 10:20 AMT
ԿԽՄԿ-ն դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Հայաստանից դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախի բուժհաստատություններ։ Այդ մասին հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, հայտնում է Sputnik Արմենիան։

«Բեռը չի պատկանում ԿԽՄԿ-ին։ Մենք միայն ապահովել ենք անվտանգ փոխադրումը»,– ասել է նա։

Բեռը տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։