16 հունվարի 2023 - 11:04 AMT
Աբրահամյան․ Արցախում ներքաղաքական իրավիճակն էականորեն լիցքաթափվել է

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Արցախում վերջին զարգացումներին, գրել է, որ երկրում ներքաղաքական իրավիճակը էականորեն լիցքաթափվել է։

«Հույս ունեմ, որ հատկապես Արցախի շուրջ ստեղծված ծանր իրադրության պայմաններում սթափությունը, ադեկվատությունը, ողջամտությունը, տրամաբանությունը, իմաստությունը չի լքի հիմնական դերակատարներին և Արցախի համար հավելյալ սպառնալիքներ չի ստեղծի։

Արցախում ապրող մեր հայրենակիցները լուրջ խնդիրներ ունեն և ամբողջ ռեսուրսն ու պոտենցիալը պետք է համախմբել և ուղղել դրա սպասարկմանը»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը առաջարկել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին միասին հրաժարական տալ, ինչին կհաջորդեին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարական չի պատրաստվում ներկայացնել։

«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը»,-գրել էր նա։