ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի պահանջներն ու Լաչինի մասով ծանուցում ուղարկել ԵԽ Նախարարների կոմիտե

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի պահանջներն ու Լաչինի մասով ծանուցում ուղարկել ԵԽ Նախարարների կոմիտե

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), հաշվի առնելով կողմերի ներկայացրած փաստարկները, մերժել է Ադրբեջանի պահանջներն ամբողջությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը թողնելով ուժի մեջ: Եվրոպական դատարանը մերժել է նաև Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ադրբեջանի պահանջը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքն ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումն Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

Նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Ադրբեջանը դիմել էր Եվրոպական դատարան՝ պահանջելով վերացնել միջանկյալ միջոց կիրառելու որոշումը: Միաժամանակ Ադրբեջանը պահանջել էր միջանկյալ միջոցներ կիրառել Հայաստանի դեմ, այն է՝ «ձեռնարկել իր իրավասությունից բխող բոլոր միջոցները ուղղված Ռուս խաղապահների ժամանակավոր տեղակայման վայրում գտնվող Ադրբեջանի տարածքում բժշկական անհետաձգելի օգնության կարիք ունեցող մարդկանց համարժեք բուժմանը և խուսափել այս ուղղությամբ որևէ խոչընդոտ ստեղծելուց»:

Ի պատասխան Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը 2022 թվականի դեկտեմբերին և 2023 թվականի հունվարին Եվրոպական դատարան է ուղարկել պարբերաբար թարմացվող տեղեկություն «Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված Լեռնային Ղարաբաղում» տիրող հումանիտար ծանր վիճակի մասին: Միաժամանակ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Եվրոպական դատարանից պահանջել էր անհապաղ ծանուցում ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը չկատարելու վերաբերյալ:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---