17 հունվարի 2023 - 11:51 AMT
ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՀ ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը հունվարի 16-ին Երևանում կայացած հանդիպմանը քննարկել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը։

Գրիգորյանը շնորհավորել է Ղազարյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում կարևորել են հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերի իրականացումը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։