17 հունվարի 2023 - 12:43 AMT
Արամ Ա-ն կոչ է արել Կիլիկիո կաթողիկոսության թեմերին աշխատել Արցախի ապաշրջափակման ուղղությամբ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կոչով դիմել է կաթողիկոսության թեմերին, որ համայնքների, կազմակերպությունների ու կառույցների գործուն մասնակցությամբ Արցախի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքներ իրականացնեն։ Նա նշել է, որ Արցախի պաշտպանությունը համահայկական անհետաձգելի հրամայական է և վաղը կարող է ուշ լինել։

Իր խոսքում Արամ Առաջինը նշել է, որ Արցախի հայությունն ինքնորոշման իր հավաքական կամքը բազմիցս է արտահայտել և որ այդ իրավունքի պաշտպանությունը և օժանդակությունը յուրաքանչյուր հայի և համայն հայության նվիրական պարտքն է։

«Զորաշարժի պետք է ենթարկել մեր ժողովրդի զավակներին հանուն Արցախի փրկության: Կոչ ենք ուղղում Հայ Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերին, որ բոլոր համայնքների, կազմակերպությունների և կառույցների գործուն մասնակցությամբ, միացյալ ծրագրով ու հավաքական աշխատանքով, յուրաքանչյուր թեմ իր տեղական պայմաններին համապատասխան մոտեցումով, դիմի հետևյալ քայլերին.

-Մեր ժողովրդի զավակների մոտ արծարծած պահի Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հրամայականը, որպես համահայկական առաջնահերթություն:

-Արցախի ապաշրջափակման գծով ազդու միջոցներով լծուել քարոզչական աշխատանքն օտար շրջանակների ներսում՝ պետության, քաղաքական հասարակության, կազմակերպությունների, մամուլի և այլն...:

-Նախաձեռնել օժանդակություն Արցախի անմիջական կարիքներին՝ համակարգման գծով տեղյակ պահելով թեմերին»,-ասվում է ուղերձում:

Կիլիկիո կաթողիկոսը նշել է նաև, որ մշտական կապի մեջ են Արցախի իշխանության հետ և Արցախի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքները կշարունակեն: Նա նաև ասել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը պետք է մասնակցի Արցախի բարեկամների Ֆորումին։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։