18 հունվարի 2023 - 11:29 AMT
Միրզոյանը՝ ԵԱՀԿ-ում․ ԼՂ շրջափակումն էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մաս է՝ Ալիևի վերջին ելույթը վկա

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, ասել է, որ չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում և որ գործելու ժամանակը հիմա է։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումն առանձին դրվագ չէ և պետք է դիտարկվի որպես կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մաս: Նա հավելել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը լքել իրենց հայրենի հողն ու տները: Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որտեղ վերջինս առաջարկում է արտաքսել այն հայերին, ովքեր չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, վկայում է էթնիկ զտումներ իրականացնելու նրանց մտադրության մասին։

«2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, իրենց պնդմամբ՝ իբր բնապահպան ակտիվիստներ, փակեցին Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացած աշխարհի հետ կապող միակ կյանքի ճանապարհը՝ այդպիսով փաստացի մեկուսացնելով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, որոնցից 30 հազարը երեխաներ են։ Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ: Այդ երեխաների մի մասը բաժանված է ծնողներից և ժամանակավորապես ապաստան է գտել Հայաստանում։

Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է, որն ուղղորդվում և ֆինանսավորվում է ադրբեջանական իշխանությունների կողմից՝ օգտագործելով, այսպես կոչված, «էկոակտիվիստների» քողարկումը՝ իրենց գործողությունների արժանահավատ հերքման համար։

Ադրբեջանի այս գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի բացահայտ խախտում են հանդիսանում, որտեղ հստակ նշվում է, որ. «Լաչինի միջանցքը մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է փաստացի շրջափակման մեջ։ Լեռնային Ղարաբաղ սննդի, բժշկական և էլեկտրաէներգիայի մատակարարումները գրեթե ամբողջությամբ դադարեցվել են։ Նախկինում ամեն օր Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են ներկրվել շուրջ 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ հացահատիկ, ալյուր, բրինձ, բանջարեղեն, մրգեր, դեղամիջոցներ, մանկական սնունդ։ Այժմ՝ շուրջ հինգ շաբաթ շրջափակումից հետո, բոլոր առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ կարիք կա»,-ասել է Միրզոյանը:

Նա նշել է, որ ցրտաշունչ ձմեռային պայմաններում 3 օրով գազամատակարարման կանխամտածված ընդհատումը, դրան հաջորդած՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում էլեկտրականության և հեռահաղորդակցության գծերի շարունակական խափանումները , Ադրբեջանի իշխանությունների նախապես ծրագրված գործողությունների ևս մեկ վկայություն է։

“Սա լրջորեն ազդում է մարդկանց առօրյայի վրա և հանգեցնում է հումանիտար բնույթի մի շարք անբարենպաստ հետևանքների, ինչպիսիք են էլեկտրականության բացակայությունը, դպրոցներում ուսումնական գործընթացի, պետական գերատեսչությունների գործունեության, բիզնեսի խաթարմանը, հիվանդանոցներում և կենսական կարևորություն ունեցող այլ հաստատություններում ջեռուցման խափանմանը: Մարդիկ զրկված են ջեռուցումից և տաք ջրից։ Իշխանությունները սահմանափակումներ են ներմուծել վառելիքի, իսկ այժմ նաև՝ պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի համար։

Մարդասիրական ճգնաժամն օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ և հասցեական միջամտություն։ Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Գործելու ժամանակը հիմա է:

Հայաստանի խնդրանքով այս հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Մենք Անվտանգության խորհրդի անդամներին և նաև Գլխավոր քարտուղարին տեղեկացրել ենք սարսափելի իրավիճակի մասին և հորդորել մեր գործընկերներին միջամտել ու դադարեցնել ծավալվող հումանիտար աղետը։

Իհարկե, ես ողջունում եմ մեր գործընկեր երկրների միանշանակ հայտարարություններն ու դիրքորոշումները, որոնք կոչ են անում Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների վերացնել շրջափակումը և ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անարգել տեղաշարժը։ Կարծում եմ պետք է ուժեղացնենք ճնշումը Ադրբեջանի վրա, որպեսզի նա կատարի իր հանձնառությունները։ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար»,-ասել է ԱԳ նախարարը։ :

Նա հավելել է, որ հրամայական է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկումը, ինչպես նաև՝ ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ մարդասիրական անխափան մուտքի ապահովումը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։