Հայ ֆանտաստների երևակայական աշխարհները. «Դեպի վեր» ժողովածուն ներկայացվել է ընթերցողին

Հայ ֆանտաստների երևակայական աշխարհները. «Դեպի վեր» ժողովածուն ներկայացվել է ընթերցողին

PanARMENIAN.Net - Հայ գրողներն իրենց ստեղծագործություններում խիստ հազվադեպ են դիմում գիտական ֆանտաստիկայի կամ ֆենթեզիի ժանրերին, ու տպավորություն կարող է ստեղծվել, որ դա հայալեզու ֆանտաստիկայի` ընթերցողների շրջանում ոչ պոպուլյար լինելու հետևանք է։ Այդուհանդերձ, օրերս լույս տեսած «Դեպի վեր» ժողովածուն, որն ընդգրկում է հայ ֆանտաստ գրողների «ԱրմԿոն» մրցույթի հաղթող լավագույն ստեղծագործությունները, ապացուցում է հակառակը. հունվարի 17-ին գրքի շնորհանդեսին հիատարակիչը հայտնեց, որ գրքի նկատմամբ հետաքրքրությունն անսպասելիորեն մեծ է, ու նպատակ կա ավելացնել տպաքանակը։

«Գրքում տեղ են գտել ինը հեղինակների աշխատանքներ ամենատարբեր ժանրերում գիտական ֆանտաստիկայից մինչև ֆենթեզի, պոստապոկալիպտիկ հակաուտոպիայից մինչև հայկական ու անգամ ճապոնական միֆոլոգիայի վրա հիմնված պատմություններ», - PanARMENIAN.Net ին ասաց մրցույթի կազմակերպիչներից, ժյուրիի անդամ Ֆրունզ Հարությունյանը։

Մրցույթի ընթացքում ստացվել է մի քանի տասնյակ աշխատանք, ինչը նշանակում է, որ ժանրի նկատմամբ հետաքրքրություն կա ոչ միայն ընթերցողի, այլև գրական փորձեր կատարող երիտասարդ հեղինակների շրջանում։ Միաժամանակ, ըստ Հարությունյանի, մրցույթը ցույց տվեց, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու` մինչև Հայաստանում ժանրի լիարժեք վերածնունդը։

«Խնդիրը տեխնիկական կատարման մեջ է, որովհետև ստացված աշխատանքներում երևակայության պակաս չէր զգացվում։ Կարծում ենք, որ այն հնարավոր է շտկել, օրինակ, վարպետաց դասեր անցկացնելու ու, ինչու ոչ, աշխատարաններ հիմնելու միջոցով, որտեղ փորձառու հեղինակները նորեկներին կսովորեցնեն պատմություն պատմելու ձևերը, սյուժեի կառուցումը, կերպարների ստեղծումը և այլն», - հավելեց մրցույթի կազմակերպիչը։

Ամեն դեպքում, ըստ Հարությունյանի, գրքի տպագրությունն ու ընթերցողի հետաքրքրությունը հույս են ներշնչում, որ ապագայում Հայաստանը կարող է վերածվել ֆանտաստիկայի գրական կարևոր կենտրոնի։

 Ուշագրավ
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
Նա նշել է, որ Ցեղասպանության զոհ գնաց նաև հայկական մշակութային ժառանգության հսկայական մասը
Պետրոսյանն օգտագործել է Տերյանի ու Զարյանի բանաստեղծությունները
---