Լավրով․ ԵՄ առաքելության տեղակայումը սահմանին առանց Բաքվի համաձայնության կարող է հակաարդյունավետ լինել

Լավրով․ ԵՄ առաքելության տեղակայումը սահմանին առանց Բաքվի համաձայնության կարող է հակաարդյունավետ լինել

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2022 թվականի գործունեության ամփոփիչ ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին առանց Բաքվի համաձայնության կարող է հակաարդյունավետ լինել։

Նա հավելել է, որ ՀՀ և Ադրբեջանի սահման ՀԱՊԿ առաքելություն գործուղելու պատրաստակամությունը պահպանվում է, գրում է ՏԱՍՍ-ը։

«Չնայած նրան, որ մենք դաշնակիցներ ենք, որ ՀԱՊԿ առաքելությունը լիովին պատրաստ էր, հայկական կողմը գերադասում է պայմանավորվել ԵՄ հետ, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմքով քաղաքացիական դիտորդների առաքելություն տեղակայվի։ Դա Ադրբեջանի հետ սահմանին է, և, հավանաբար, եթե այդ առաքելությունը ծավալվի առանց Ադրբեջանի համաձայնության, այն ուղղակի կարող է հակաարդյունավետ լինել։ Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է լրացուցիչ գրգռիչներ առաջացնել»,-ասել է նա։

Լավրովը հավելել է, որ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն գործուղելու առաջարկը դեռևս ուժի մեջ է մնում։

«Մենք մինչ օրս պատրաստակամ ենք ՀԱՊԿ առաքելություն գործուղելու ՀՀ և Ադրբեջանի սահման»,-ասել է նա։

Նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական չի տրվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ հայտնել էր, որ որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են քաղաքական-դիվանագիտական, ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության գործուղում հայ-ադրբեջանական սահման և ռազմատեխնիկական աջակցություն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---