20 ապրիլի 2009 - 18:51 AMT
Հանրային խորհրդում աշխատելու համար շուրջ 1550 դիմում է ներկայացվել
Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Հանրային խորհրդի ստեղծման աշխատանքների ժամանակավոր համակարգող, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտնել է, որ խորհրդի ստեղծման ընթացքում ստացվել է շուրջ 1550 դիմում, որոնցից 400-ը ներկայացրել են հասարակական կազմակերպությունները, 60-ը ստացել են հիմնադրամներից եւ 150-ը` ասոցիացիաներից եւ միություններից:

Դիմումների մեծ մասը ուղղված էին երիտասարդության, սպորտի, մշակույթի, գիտության եւ կրթության հարցերով հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար:

Համակարգող Խոսրով Հարությունյանի խոսքերով, նրան ուրախացնում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվությունը, եւ ուրախալի է այն փաստը, որ գործընթացին միացել են նաեւ երկրի մարզերը, որտեղից շուրջ 340 դիմում են ստացել: Նա ընդգծեց այն բանի կարեւորությունը, որ դիմումների 30 տոկոսը ներկայացված են կանանց կողմից:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին Հանրային խորհրդի աշխատանքները սկսելու մասին` Հանրային խորհրդի ստեղծման աշխատանքների ժամանակավոր համակարգող, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը կոնկրետ ժամկետներ չնշեց: «Հանրային խորհուրդը դեռեւս գտնվում է ձեւավորման գործընթացում եւ աշխատանքը սկսելու մասին խոսելը վաղ է»,- նշեց նա:

Հանրային խորհրդի 36 անդամներից 12-ին նշանակելու մասին հրամանագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրվել է մարտի 11-ին: Դիմումների ընդունման ժամկետն ավարտվել է ապրիլի 18-ին: