ԱՀ գյուղաջակցության հիմնադրամի հորդորը` գնումներ անել առանց խուճապի

ԱՀ գյուղաջակցության հիմնադրամի հորդորը` գնումներ անել առանց խուճապի

PanARMENIAN.Net - ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտարարել է, որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։

Հիմնադրամը հորդորել է գնումներ կատարել առանց խուճապի և միմյանց համար արհեստական բարդություններ ստեղծելու։

Բնակիչներին նաև տեղեկացրել են, որ նշված ապրանքատեսակները առկա են լինելու նաև բոլոր համայնքների խանութներում և կարիք չկա ,որպեսզի այս կամ այն համայնքի բնակիչները գնումները կատարեն շրջկենտրոնի կամ մայրաքաղաքի խանութներից։

Ավելորդ քաշքշուկից, կուտակումներից խուսափելու համար, հաշվի առնելով նաև դիզվառելիքի պակասը` ցանկալի է, որ համայնքի բնակիչները գնումները կատարեն հենց համայնքում գտնվող խանութներից։

«Հավաստիացնում ենք, որ նշված ապրանքատեսակների քանակը ըստ շնչի տրամադրված կտրոններով ձեռք բերելու դեպքում կբավականացնի բոլորին ,ուստի,խուճապի մատնվելու և անհարկի գնումներ կատարելու կարիք չկա»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիմնադրամը ներկայացրել է նաև մայրաքաղաքում և շրջաններում տրամադրվող ապրանքների ժամանակացույցը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել էր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---