Վարդանյանը հարցազրույց է տվել BBC Hard Talk–ին. Նա կմնա Արցախում անկախ նրանից՝ կզբաղեցնի պաշտոն, թե ոչ

Վարդանյանը հարցազրույց է տվել BBC Hard Talk–ին. Նա կմնա Արցախում անկախ նրանից՝ կզբաղեցնի պաշտոն, թե ոչ

PanARMENIAN.Net - Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալքիում տեղեկացրել է, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC Hard Talk–ին: Նա նշել է, որ հարցազրույցը դեռ չի տեղադրվել BBC–ի յութուբյան ալիքում, բայց, քանի որ այն շատ է նյարդայնացրել ադրբեջանական կողմին, առաջինը նրանք են գրել ու հրապարակել դրա բովանդակությունը։

«Հիշեցնեմ, որ նման հարցազրույցներ ՀՀ պաշտոնյաներից ունեցել են Զոհրապ Մնացականյանը և Նիկոլ Փաշինյանը: Չեմ հիշում դեպք, որ Արցախից որևէ պաշտոնյա հարցազրույց ունենա այս հաղորդման շրջանակներում: Չեմ տեսել նաև, որ ադրբեջանցի պաշտոնյա հյուրընկալվի այս հաղորդմանը: Իսկապես բարդ ձևաչափ է, հնչող սուր, ոչ հաճելի հարցեր և պատասխանելու շատ քիչ ժամանակ:

Ոչ զարմանալիորեն, հարցազրույցի մասին առաջինը գրել են ադրբեջանական աղբյուրները: Հարցազրույցը դեռ չի տեղադրվել BBC–ի յութուբյան ալիքում: Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ Վարդանյանը խոսել է բլոկադայի, դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին: Վարդանյանը նշել է, որ Արցախում հայերն ապրում են հազարամյակներով: Նա նշել է, վերջին 35 տարիներին հայերը համառ պայքար են մղում անկախության ճանաչման համար: Նշել է, որ Արցախը երբեք չի եղել ներկայիս Ադրբեջանի մաս: Արցախը Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն: Նա խոսել է Արցախի ու Ադրբեջանի քաղաքական համակարգերի տարբերությունից և շեշտել, որ եթե Արցախում արդեն չորս ղեկավար է փոխվել, ապա Ադրբեջանում տասնամյակներով նույն ընտանիքն է ղեկավարում երկիրը: Կրկին շեշտել է, որ պատրաստ են բանակցությունների, պատրաստ են ապրել որպես հարևաններ, բայց չեն լինի Ադրբեջանի մաս: Նա նշել է նաև միջազգային հանրությունից եկող օգնության մասին: Հնչել են հարցեր նրա անձի հետ կապված, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների մասին: Հարցազրույցի վերջում Վարդանյանն ասել է, որ անկախ նրանից կզբաղեցնի պաշտոն, թե չէ, ինքը կմնա Արցախում, քանի որ եկել է Արցախ՝ մարդկանց կողքին լինելու և այս փորձությունները միասին հաղթահարելու նպատակով:

Կարծում եմ այս հարցազրույցը և հնչած մտքերը շատ կարևոր են Արցախի շրջափակման ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակի ներկայացման առումով: Վստահ եմ, որ հարցազրույցը շուտով հասանալի կլինի յութուբյան ալիքով: Բայց քանի որ սա շատ է նյարդայնացրել ադրբեջանական կողմին, առաջինը նրանք են գրել ու հրապարակել հարցազրույցի բովանդակությունը»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---