Միրզոյանն ու Ստոլտենբերգը խոսել են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամից, ՀՀ-Թուրքիա հարաբերություններից

Միրզոյանն ու Ստոլտենբերգը խոսել են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամից, ՀՀ-Թուրքիա հարաբերություններից

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունվարի 23-ին հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային ավտանգության հարցերի շուրջ։

ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ադրբեջանական իշխանությունների՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականության հետևանքները։ Այս համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության հստակ գործողությունների կարևորությունը` Լեռնային Ղարաբաղի անմարդկային պաշարումը վերացնելու և Ադրբեջանին բանակցությունների սեղան հետ վերադարձնելու նպատակով։

Միրզոյանը Ստոլտենբերգին նաև ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա զարգացումները:

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ, անդրադարձ կատարել համագործակցության ներկա ծրագրերին և ապագա հեռանկարներին։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---