Փաշինյանը ՊԵԿ-ում կարևորել է հարկային և մաքսային ոլորտում էլեկտրոնային համակարգերի զարգացումը

Փաշինյանը ՊԵԿ-ում կարևորել է հարկային և մաքսային ոլորտում էլեկտրոնային համակարգերի զարգացումը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվության քննարկմանը՝ նա կարևորել է հարկային և մաքսային ոլորտում էլեկտրոնային համակարգերի զարգացման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Վարչապետը հանձնարարել է մաքսային բնագավառում հետևողական աշխատանքներ տանել կապիտալ ծրագրերի, մասնավորապես, սահմանային անցման կետերի բարելավման, տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների ընթացակարգերի պարզեցման ու բարելավման ուղղությամբ:

Զեկուցվել է 2022 թվականի հարկային եկամուտների և պետական տուրքի մասին:

Նշվել է, որ հարկային եկամուտները նախորդ տարվա ընթացքում կազմել են 1 տրիլիոն 926 մլրդ դրամ, որը 2021 թվականի համեմատ աճել է 21 %-ով: Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին ՀՀ-ում գրանցվել է ռեկորդային թվով աշխատատեղ՝ 704 հազար, միջին աշխատավարձը ևս ռեկորդային է՝ կազմել է 230 հազար դրամ: Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում շահառուներին հիփոթեկային վարկերի գծով վերադարձվել է 36 մլրդ դրամ եկամտային հարկ, շահառուների թիվը կազմել է 29 հազար: Ըստ պատասխանատուների՝ եկամտային հարկի վերադարձից օգտվող շահառուների թիվը վերջին տարիներին կտրուկ ավելացել է, օրինակ՝ 2017 թվականին արտոնությունից օգտվել է ընդամենը 2400 շահառու: Այս համատեքստում, զեկուցվել է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակի ներդրման, փոխհատուցվող գումարների (ԱԱՀ) միասնական հաշվին մուտքագրման ժամկետի կրճատման մասին:

Ներկայացվել են մաքսային համակարգում 2022 թվականին իրականացված փոփոխությունների ուղղությունները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մաքսային վարչարարության պարզեցման աշխատանքներին: Նշվել է, որ կրճատվել է պետական սահմանի անցման կետերում պետական մարմինների ներկայացվածությունը: Դեկտեմբերի 1-ից սահմանային կետերում հսկողությունն իրականացվում է միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների կողմից: Նախնական հայտարարագրերի համակարգի ներդրման շնորհիվ հնարավորություն է ընձեռվել ապրանքների բացթողումն իրականացնել սահմանին 24/7 ռեժիմով: Արդյունքում՝ ապրանքների բացթողնման ժամանակահատվածն էապես կրճատվել է:

Սահմանային անցակետերում ապրանքների շարժի հետագծելիության համակարգի ներդրման շրջանակում ապահովվել է սահմանային անցումային կետի բոլոր դերակատարների գործողությունների թափանցիկություն, թիրախային հսկողություն՝ մաքսային գործընթացների նկատմամբ: Պետական սահմանի անցման կետերում ռենտգեն հսկողության ռիսկերի համակարգի բարելավման շրջանակում նվազել է ռենտգեն հսկողության ընտրանքային տոկոսը, ինչը բերում է հերթերի նվազեցմանը:

2022 թվականին իրականացված փոփոխությունների շրջանակում մանրամասներ է ներկայացվել նաև մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարողների նկատմամբ հսկողության ուժեղացման վերաբերյալ: Ըստ այդմ՝ ներկայացվել են ժամանակավոր պահպանման պահեստների համար նոր պահանջներ, ստուգումների արդյունքում բարելավվել են պահեստների պայմանները, սահմանվել են մաքսային ներկայացուցիչների նկատմամբ ստուգումներ իրականացնելու նոր մոտեցումները, «անմաքս առևտրի խանութի» տիրապետողների նախաորակավորման կարգը:

Զեկուցվել է նաև մաքսային ծառայության համակարգի բարեփոխման, կադրերի ներգրավման նոր համակարգի մասին: Ըստ այդմ՝ տեղի է ունեցել Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատան նոր կադրերի համալրում: Մաքսային ծառայության պաշտոնների նշանակվել է (այդ թվում՝ ժամկետային պայմանագրային հիմքով) մոտ 130 մասնակից։

Առաջիկա անելիքների շրջանակում խոսվել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Էտալոնային մոդելի, iTRADE-ի, բիզնես պրոցեսների շարունակական վերանայման, ավտոմատ բացթողնման համակարգի ինստիտուտի գործարկման և ռեզերվների ստեղծման նպատակով լավագույն սարքավորումների ձեռքբերման մասին:

Ներկայացվել են նաև թվայնացման ոլորտում կատարված աշխատանքները: Մասնավորապես՝ զեկուցվել է անտեսանելի վարչարարության, կանխարգելող միջոցառումների անցման և հարկ վճարողների և ԱՏԳ իրականացնողների սպասարկման որակի բարձրացման մասին: 2022թ․ նոր էլեկտրոնային համակարգերի շրջանակում կարևորվել է E-VAT համակարգը (շուրջ 1 մլրդ․ դրամ հարկային եկամուտ), մոնիթորինգի համակարգը (Մեծ Տվյալների վերլուծություն), հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձի էլ. համակարգը, մաքսային և այլ վճարների գանձման համակարգը: Տեխնոլոգիական առաջընթացի մասով ընդգծվել է թույլատվական փաստաթղթերի մեկ պատուհան, կշեռքների կենտրոնացված համակարգերը:

Անդրադարձ է կատարվել նաև հարկեր/ՀՆԱ ցուցանիշի աստիճանաբար բարելավմանն ուղղված միջոցառումներին: Մասնավորապես, ընդգծվել է հարկային կարգապահության բարելավմանը (դատական պրակտիկա, ծախսերի փաստաթղթավորում, տրանսֆերային գնագոյացում), տեղեկատվության աղբյուրների ընդլայնմանը (ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակում), ռիսկերի համակարգի ներդրմանը և միջազգային համագործակցությոանն ուղղված միջոցառումներին:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՊԵԿ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---