Միրզոյանը՝ Բելգիայի ԱԳ նախարարին․ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները խոչընդոտում են անվտանգության հաստատմանը

Միրզոյանը՝ Բելգիայի ԱԳ նախարարին․  Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները խոչընդոտում են անվտանգության հաստատմանը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի առավելապաշտական ու ոչ կառուցողական մոտեցումները մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը։

Արարատ Միրզոյանն ու Հաջա Լահբիբը կարևորել են ԵՄ խորհրդի կողմից Հայաստանում քաղաքացիական մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշման ընդունումը։

Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Կողմերը քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները։ Կարևորվել է առևտրաշրջանառության ծավալների ընդլայնումը, գործարար շփումների ակտիվացումը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---