ՀԱՊԿ-ը շարունակում է ՀՀ դիտորդական առաքելություն գործուղելու ուղղությամբ աշխատանքները

ՀԱՊԿ-ը շարունակում է ՀՀ դիտորդական առաքելություն գործուղելու ուղղությամբ աշխատանքները

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստան՝ հայ-ադրբեջանական սահման դիտորդական առաքելություն գործուղելու ուղղությամբ աշխատանքները։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Նա նշել է, որ թեև 2022-ին չհաջողվեց համաձայնեցնել դիտորդական առաքելության հարցը, սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են, գրում է ՌԲԿ-ն։

«Հայաստանին այլ աջակցություն ցուցաբերելուց բացի, որոշման նախագծով ենթադրվում է հայ-ադրբեջանական սահման ուղարկել ՀԱՊԿ ժամանակավոր դիտորդական առաքելություն և սահմանել քանակը, մանդատը և աշխատանքի ժամկետները: Նախագիծը գտնվում է պատրաստության բարձր մակարդակում, սակայն այդ փաստաթուղթը չհաջողվեց ընդունել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերջին նիստում: Աշխատանքը դրա շուրջ շարունակվում է»,- ասել է Զայնետդինովը։

Նա հավելել է, որ առայժմ վաղ է խոսել առաքելության թվաքանակի կամ ժամկետների մասին։

Նշվում է, որ ՀԱՊԿ-ում ճանաչում են ՀՀ իրավունքը՝ դիմելու այն կազմակերպություններին, «որոնք, նրա կարծիքով, կարող են նպաստել երկրի ազգային անվտանգության ամրապնդմանը»։

Խոսքը ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելության տեղակայման մասին է, որը կգործուղվի ՀՀ արդեն առաջիկա շաբաթներին և որի մասին որոշում է կայացրել ԵՄ Խորհուրդը։

«Միևնույն ժամանակ, կցանկանայի հիշեցնել, որ տարածաշրջանում գործում է ռուսական խաղաղապահ առաքելությունը, որն արդյունավետ կատարում է իրեն վերապահված խնդիրները՝ ցուցադրելով, թե որքան կարևոր է աշխատանքում ամբողջ ծավալով հաշվի առնել պատմությունը, Հարավային Կովկասում ներկայիս իրավիճակի առանձնահատկությունները, տեղի բնակչության մտածելակերպը»,-ասել է Զայնետդինովը։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստան գործուղելու առաջարկն ուժի մեջ է մնում, և որ դա կարելի է բավականին օպերատիվ կազմակերպել։

 Ուշագրավ
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն
Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ
Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը
---