The Guardian. Խաչանովի ուղերձները նույնքան ուշագրավ էին, որքան նրա թենիսը

The Guardian. Խաչանովի ուղերձները նույնքան ուշագրավ էին, որքան նրա թենիսը

PanARMENIAN.Net - Բրիտանական The Guardian-ը, անդրադառնալով ՌԴ-ն ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի վերընթաց կարիերային, որը դուրս է եկել Australian Open-ի կիսաեզրափակիչ, նշել է, որ Խաչանովի ուղերձները նույնքան ուշադրություն են գրավել, որքան նրա թենիսը՝ նկատի ունենալով Արցախին աջակցող գրառումները։

Australian Open-ի երրորդ փուլում ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին հաղթելուց հետո Խաչանովը աջակցություն է հայտնել շրջափակված Արցախին։ Նա գրել է տեսախցիկի օբյեկտիվի վրա՝ Artsakh Stay Strong!!! (Արցախ, պինդ մնա)։ Խաչանավը չորրորդ փուլում կրկին հաղթանակ է տարել, դուրս գալով Australian Open-ի քառորդ եզրափակիչ, և կրկին խաղից հետո գրառում է արել տեսախցիկի օբյեկտիվի վրա՝ սատարելով Արցախին։ «Շարունակիր հավատալ մինչև վերջ։ Արցախ, պի՛նդ մնա»,-գրել է նա։

«Գրելով Artsakh, Stay Strong՝ Խաչանովը նկատի ուներ Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվող վիճելի տարածքի շրջափակումը դեկտեմբերի կեսից,որը հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ»,- ասվում է հոդվածում։

Նշվում է, որ Խաչանովի հայրը՝ Աբգարը, ծնունդով Հայաստանից է, մայրաքաղաք Երևանից։

Պարբերականը նաև դրվագներ է մեջբերել Խաչանովի հարցազրույցից, որտեղ նա ասել է, որ հայկական արմատներ ունի։

«Հոր կողմից, պապիկիս, նույնիսկ՝ մորս կողմից։ Ես կիսով չափ հայ եմ։ Ես ուղղակի ուզում էի իմ աջակցությունը հայտնել և ուժ հաղորդել իմ ժողովրդին»,-ասել է նա։

«Խաչանովի աջակցությունը լրացուցիչ լույս է սփռում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտության վրա, որն ավելի քան 30 տարի շարունակվում է։ Վերջին մեծ հակամարտությունը 44-օրյա պատերազմն էր, որը տեղի է ունեցել 2020 թվականին»,- ասվում է հոդվածում։

Նշվում է նաև, որ պատերազմից հետո ստորագրված համաձայնագրով ռուսական խաղաղապահ ուժեր են տեղակայվել Լաչինի միջանցքում, որը միակ ճանապարհն է, որը կապում է ԼՂ-ն Հայաստանի հետ, որտեիղց բեռներ են ներկրվում այդ տարածք։

«Արդեն 40 օրից ավելի է, ինչ ադրբեջանցի ցուցարարները արգելափակել են ճանապարհը՝ կասեցնելով բեռների, սննդամթեքրի և դեղորայքի ներկրումը Լեռնային Ղարաբաղ։ ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ ցուցարարներին Ադրբեջանի կառավարությունն է ուղարկել։ Ադրբեջանը վիճարկում է շրջափակման առկայությունը»,- ասվում է հոդվածում։

Նշվում է նաև, որ Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան պահանջել է պատժել Խաչանովին իր գրառումների համար։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---