Ջերմուկում սեպտեմբերյան ագրեսիայից տուժած տնտեսվարողների էլէներգիայի ու գազի ծախսը կփոխհատուցվի

Ջերմուկում սեպտեմբերյան ագրեսիայից տուժած տնտեսվարողների էլէներգիայի ու գազի ծախսը կփոխհատուցվի

PanARMENIAN.Net - Կառավարությունը 100%-ով կփոխհատուցի Ջերմուկում սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից տուժած տնտեսվարողների էլէներգիայի ու գազի ծախսը 2022 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար։ Գործադիրը հաստատել է տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը:

Ըստ հիմնավորման՝ ռազմական գործողությունները մեծ ազդեցություն են ունեցել Ջերմուկում հյուրանոցային և հյուատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների գործունեության վրա։

Առաջին հերթին, ռազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված, հյուրանոցներն ու հյուրատները մինչև 2 ամսով դադարեցրել էին իրենց գործունեությունը՝ չընդունելով զբոսաշրջիկների։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ մոտ 3 անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների իրացման շրջանառությունը։ Այս իրավիճակում, զբոսաշրջիկների հոսք ապահովելու նպատակով՝ հյուրանոցների և հյուրատների մեծ մասն ընդհուպ մինչև 2 անգամ նվազեցրել էր նախկինում գործող ծառայությունների արժեքը։

Ըստ այդմ՝ միանվագ աջակցություն կտրամադրվի Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբերի 11-ի դրությամբ կացության կազմակերպում իրականացնող տնտեսվարողներին:

Ծրագրի իրականացման արդյունքում փոխհատուցում կստանա Վայոց ձորի Ջերմուկ համայնքում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող մոտ 20 տնտեսավարող։ Գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման ծախսը՝ ըստ նախնական հաշվարկների չի գերազանցի 50-60 մլն դրամը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---