ԱՀ պետներկայացուցիչները 1-ին անգամ Կանադայի խորհրդարանին են ներկայացրել Արցախի խնդիրները

ԱՀ պետներկայացուցիչները 1-ին անգամ Կանադայի խորհրդարանին են ներկայացրել Արցախի խնդիրները

PanARMENIAN.Net - Կանադայի Համանյքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման մշտական հանձնաժողովը հունվարի 25-ին գումարել է երկու առանձին նիստ, որոնք բացառիկ բնույթն ու պատմականություն ունեին, քանի որ առաջին անգամ Արցախի պետական ներկայացուցիչները հանդես են եկել կանադական խորհրդարանի առջև և ներկայացրել ԱՀ բնակչության պայքարը հանուն արժանապատիվ կյանքի։

Առաջին հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի համանախագահ Շահեն Միրաքյանը, դոկտոր Թալին Փափազյանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԱՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Երկրորդ հանդիպմանը մասնակցել են «Միջազգային ճգնաժամային խմբի» Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը և Վինդսորի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Քրիստոֆեր Վոթերսը, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։

Հրավիրյալները, յուրաքանչյուրն իր մասով, հանգամանորեն անդրադարձել են ստեղծված իրավիճակին։ Կարևորվել է Կանադայի կողմից Ադրբեջանի վրա միջազգային ճնշման իրականացումը, որպեսզի վերջինս վերջ տա իր ցեղասպան քաղաքականությանը։

Արցախի Հանրապետության ներկայացուցիչները հանձնաժողովի անդամներին ներկայացրել են իրական փաստեր՝ կապված մարդասիրական ծանր հետևանքների և Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի հետևանքների հետ, ինչպես նաև Արցախի Հանրապետության առաջնահերթություններն ու ազատ ու անկախ կյանքի տեսլականը։

Կանադայի Համանյքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման մշտական հանձնաժողովը նիստերը գումարել է՝ համաձայն հանձնաժողովի կողմից նախորդ շաբաթ միաձայն ընդունված որոշման: Որոշման նախագիծը ներկայացվել էր «Քվեբեկի բլոկ» խմբակցության անդամ Սթեֆան Բերգերոյի կողմից, որը պահանջել էր նվազագույնը երեք հանդիպում, որոնց ընթացքում հանձնաժողովի անդամները հնարավորություն կունենան լսելու Արցախի Հանրապետությունը ներկայացնող անձանց, ինչպես նաև՝ փորձագետների և կանադահայ համայնքի ներկայացուցիչների։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---