ԱՀ ԱԱԾ․ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կրկին Ստեփանակերտից բնակիչներին տարհանելու մասին կեղծ փաստաթուղթն են տարածում

ԱՀ ԱԱԾ․ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կրկին Ստեփանակերտից բնակիչներին տարհանելու մասին կեղծ փաստաթուղթն են տարածում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ են տարածում։

Նշվում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն այդ նպատակով օգտագործում են Արցախի Հանրապետության քաղաքացիների ֆեյսբուքյան էջերը՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։

«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում: Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,-ասվում է Արցախի ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---