30 հունվարի 2023 - 16:33 AMT
Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Ստեփանակերտում․ Կարևորել է հետադարձ կապի պահպանումը

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շրջաններում հանդիպումներից հետո հունվարի 29-ին Ստեփանակերտի տարբեր թաղամասերում հանդիպումներ է ունեցել բնակչության հետ:

Նա կարևոր է համարել այս բարդ ժամանակաշրջանում ժողովրդի հետ հետադարձ կապի պահպանումը, ամբողջական տեղեկատվության փոխանցումը, ինչը հանրությանը կօգնի ավելի լավ հասկանալ իրավիճակն ու համատեղ ջանքերով հաղթահարել այն:

Վարդանյանը խոսել է այն մարտահրավերների և խնդիրների մասին, որոնց պետությունն ու հասարակությունն առերեսվում են ադրբեջանական շրջափակման պատճառով:

Պետնախարարը ներկայացրել է Օպերատիվ շտաբի կողմից ճգնաժամային իրավիճակում բնակչության կենսագործունեության ապահովման, հրատապ խնդիրների լուծման, ճգնաժամի հետևանքների մեղմման, ինչպես նաև ապաշրջափակման ուղղությամբ տարբեր ոլորտներում ու ասպարեզներում կատարվող աշխատանքները:

«Եթե մենք ուզում ենք, որ Ադրբեջանն Արցախը հայաթափելու իր ծրագրերում չհաջողի, մենք ունենք մեկ ճանապարհ՝ սեղմել ատամներն ու առաջ գնալ: Ու դա կարող ենք անել միայն համախմբվելու միջոցով»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:

Պետնախարարը լսել է ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ բնակչության կարծիքներն ու մոտեցումները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Ինչպես համայնքներում, այնպես էլ Ստեփանակերտում հանդիպումների մասնակիցները վստահեցրել են, որ ոչ մի շրջափակում չի կարող կոտրել հայրենի հողում իրենց արժանապատիվ կյանքը շարունակելու հաստատակամությունը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։