«ՀՀ աշխատաշուկա 2022»․ Կանայք մոտ 60%-ով քիչ են վարձատրվում, ամենապահանջված ոլորտը՝ ՏՏ

«ՀՀ աշխատաշուկա 2022»․ Կանայք մոտ 60%-ով քիչ են վարձատրվում, ամենապահանջված ոլորտը՝ ՏՏ

PanARMENIAN.Net - Հայաստանյան աշխատաշուկայում 2022 թվականին ամենապահանջված մասնագիտությունը շարունակել է մնալ ծրագրավորումը, իսկ կանայք մեր երկրում մոտ 60%-ով ավելի ցածր աշխատավարձ են ստանում, քան տղամարդիկ։ Այդ մասին են վկայում «ՀՀ աշխատաշուկա 2022» զեկույցի տվյալները, որոնք ներկայացրել է staff.am կարիերայի հարթակը։

«ՀՀ աշխատաշուկա 2022»-ը staff.am-ի վեցերորդ ամենամյա վերլուծությունն է, որն իրականացվել է «Մոդեքս» ընկերության հետ համատեղ։ Վերլուծության շրջանակում ուսումնասիրվել է ավելի քան 40,000 աշխատանքի հայտարարություն՝ 2021-2022թ.թ. ժամանակահատվածի համար։

Այսպես, 2022-ի ամենապահանջված մասնագիտությունը ծրագրավորումն է, որին հաջորդում են «Բանկային և վարկային գործ» և վաճառքի ու սպասարկման ոլորտների մասնագիտությունները։

Ստորև ներկայացված գրաֆիկում համեմատվել է 2022-ի ամենապահանջված 10 մասնագիտությունների ակտիվության դինամիկան ըստ ամիսների։

Զեկույցում հրապարակված տվյալներից ելնելով՝ Հայաստանում կանայք միջինում մոտ 60%-ով ավելի ցածր են վարձատրվում, քան տղամարդիկ։ Գրաֆիկում ներկայացված են 2022-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջին ամսական աշխատավարձերը՝ ըստ սեռերի։ Այսպես, եթե տարվա սկզբին տղամարդկանց միջին աշխատավարձը կազմում էր 251,000 դրամ, իսկ կանանցը՝ 161,000 դրամ, ապա սեպտեմբերին արդեն 300,000 և 178,000 դրամ համապատասխանաբար։

Աղբյուր՝ ՀՀ ՎԿ. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2022թ. հունվար-հոկտեմբերին», «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2022թ. հունվար-նոյեմբերին»։

Գրաֆիկը ցույց է տալիս, որ տղամարդկանց վճարվող աշխատավարձն աճել է 20%-ով, իսկ կանանց վճարվող աշխատավարձը՝ ընդամենը 6%-ով։ Սրա պատճառներից մեկը կարող է լինել, որ առհասարակ աշխատավարձի զգալի աճ է տեղի ունեցել ՏՏ, ֆինանսական և հանքագործության ոլորտներում, որտեղ որպես աշխատող հիմնականում կամ գերակայում են տղամարդիկ, կամ երկու սեռերի հավասար ներկայացվածության դեպքում ղեկավար պաշտոններ հիմնականում զբաղեցնում են տղամարդիկ, նշվում է զեկույցում։

Ստորև գրաֆիկում ներկայացված են այն ոլորտները, որտեղ գրանցվել է ամենամեծ ակտիվությունը։ Հայտարարված բոլոր թափուր աշխատանքների մոտ 42%-ը բաժին է ընկնում ՏՏ ոլորտի ընկերություններին։

Չնայած ՏՏ ոլորտը նախորդ տարի գրանցել է անկում, միևնույն է՝ այն առաջատարի դիրքում է ակտիվությամբ։ 2022-ին ակտիվության աճ են գրանցել ՀՀ բանկերը և ունիվերսալ վարկային կազմակերպությունները, ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտը, օնլայն ծառայությունների ոլորտը, խորհրդատվական ընկերությունները։ Այս ամենը հիմնականում պայմանավորված է ԱՊՀ երկրներից ՀՀ տեղափոխված մարդկանց մեծ հոսքով, նշվում է զեկույցում։

Գրաֆիկում ներկայացված են համալրման ծավալներով ՀՀ ամենաակտիվ 20 գործատուն։ Ներկայացված 20 ընկերությունից 9-ը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են, 2021 թվականի 11-ի համեմատ։ 20 ընկերությունից 7-ը ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչներ են։ Առհասարակ, 2022-ի ընթացքում ֆինանսաբանկային ոլորտը աննախադեպ աճ է գրանցել աշխատաշուկայի ակտիվության տեսանկյունից։

2022-ին մարզային քաղաքները գրանցել են աննախադեպ ակտիվություն staff.am-ում հրապարակված հաստիքների քանակով։ Եթե 2021-ին հաստիքների 94.4%-ը բաժին էր ընկնում Երևանին, ապա 2022-ին այդ ցուցանիշը նվազել է մինչև 88.3%։ Ակտիվության աճ են գրանցել Գյումրին, Վանաձորը, Աբովյանը, Դիլիջանը, Իջևանը և մի քանի այլ քաղաք։ Մարզային քաղաքներում հիմնականում ակտիվություն են ցուցաբերել այն ընկերությունները, որոնք ունեն մասնաճյուղեր տվյալ քաղաքում։

Ստորև ներկայացված գրաֆիկում պատկերված է աշխատողների միջին թիվն ըստ տնտեսական գործունեության տեսակների։ Տվյալների աղբյուրը ՀՀ Վիճակագրական կոմիտեն է։ Գրաֆիկում նշված է նաև յուրաքանչյուր տնտեսական գործունեության տեսակի համար միջին աշխատավարձը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---